Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների անվտանգ ու առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նախարարությունում ապահովվել են աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ հղի կանանց, նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող 35 աշխատակիցների համար:
«Նախարարության մասնաշենքերի սենյակները, դռներն ու դրանց բռնակները օրական 2 անգամ ՝ ժամը 13:00-ին և 18:00-ին, ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով: Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ քաղաքացիների հետ հաճախակի շփվող աշխատակիցներն ապահովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով ու ալկոհոլային հիմքով ախտահանիչներով:
Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր ախտահանման համար: Հաստատությունն ապահովված է ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով (ալկոգել), բժշկական դիմակներով ու ձեռնոցներով:
ՊՈԱԿ-ների շենքերն օրական մեկ անգամ ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական երկու անգամ: Խնամվող երեխաները ջերմաչափվում են, զննվում է նրանց առողջական վիճակը: Մեկուսացման նպատակով ժամանակավոր դադարեցված են երեխաների հետ տեսակցությունները, երեխաների ելումուտը սահմանափակված է:
«Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատողների և այցելուների համար ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչները տեղադրվել են տարբեր վայրերում: Դիմակներով ապահովված են բոլոր աշխատողները, այցելուների հետ շփումը տեղի է ունենում բավարար հեռավորության վրա, շենքն ախտահանվում է օրական մեկ անգամ քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական երկու անգամ:
«Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի շենքի մուտքի մոտ անձնակազմի համար տեղադրվել են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, այցելուների համար ժամանակավոր դադարեցվել են տեսակցությունները: Անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ամենօրյա ռեժիմով խնամվող անձինք ջերմաչափվում են: Բոլոր սենյակներն ամենօրյա ռեժիմով օդափոխվում են, մաքրվում ժավելի լուծույթով և քլորաջրով:
Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում են հանրապետության 162 միայնակ տարեց և հաշմանդամ, որոնցից 112-ը՝ Ստեփանակերտ քաղաքում: Կենտրոնի աշխատակիցներն ապահովված են բժշկական դիմակներով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
440 միայնակ թոշակառուներ նախարարության կողմից կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով՝ մեկ ամսվա հաշվարկով»,- նշված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը