Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝
-փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը
-դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:
Ինչպես տեղեկացնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, գրության մեջ նշվել է նաև, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստերի մասնակցությունն այս պահին թույլատրում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ:
«Մեր տեղեկություններով դատական նիստերի դահլիճներն այդպիսի համակարգերով ապահովված չեն:
Անհրաժեշտ են նաև տեխնիկական օժանդակության լուծումներ Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար:
Գրության պատճենն ուղարկվել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը