19 03 2020

Կորոնավիրուսի տվյալների հավաքագրման համար հետազոտական խումբ է ձևավորվել

Կորոնավիրուսի տվյալների հավաքագրման համար հետազոտական խումբ է ձևավորվել

Կորոնավիրուսի տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: Այս մասին տեղեկացնում է պարետատունը՝ հղում անելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։

Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի (COVID-19) ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:

Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հետազոտական խմբի գործունեությունը թույլ կտա իրավիճակի մասին հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչը կնպաստի հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքների առավել լավ համակարգման իրականացմանն ու կառավարելի դարձնելուն:

Նախարարը կարևորել է գիտահեն այս նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ՝ միասնական նպատակի իրականացման գործում յուրաքանչյուր մասնագետի անհատական ջանքերի ներդրումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև խմբի գործունեության ուղղությունները, ռեսուրսների անհրաժեշտությունն ու հնարավոր ժամկետները։

Նախագիծն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության արդյունքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ