19 03 2020

Շատ բաներ անորոշ են մնում և մտահոգում լրագրողական հանրույթին. Բորիս Նավասարդյան

Շատ բաներ անորոշ են մնում և մտահոգում լրագրողական հանրույթին. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա մասնավորապես նշել է, որ հանդիպմանը հետևած խմբագիրների հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ շատ բաներ անորոշ են մնում և մտահոգում լրագրողական հանրույթին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Ինչպես խոստացել եմ, մարտի 18-ի մոտավորապես ժ․ 14․30-ի գրառմամբ, ներկայացնում եմ իմ մանրամասն կարծիքը «կորոնավիրուսային» պայմաններում տեղեկատվական հոսքերի կարգավորման մասին։ Կներեք, որ երկար ստացվեց եւ որ տարբեր մեկնաբանություններում արդեն հնչեցրած առաջարկությունները կրկնում եմ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության (ԱԴ) իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով, սակայն, ելնելով հանդիպմանը հետեւած խմբագիրների հայտարարությունից, շատ բաներ անորոշ են մնում եւ մտահոգում են լրագրողական հանրույթին։

Որոշակիության պակասը երեք հետեւանքների կարող է հանգեցնել․

1․ Անհամաչափորեն կսահմանափակվի տեղեկատվության ազատությունը, որը, ինչպես գրել էի, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար ոչ պակաս վտանգ է, քան առկա իրավիճակում տեղեկությունների անվերահսկելի տարածումը,

2․ Լրատվամիջոցները, տեղեկատվության այլ տարածողները պատասխանատվության են ենթարկվելու ընտրովի, իրավիճակային որոշումների արդյունքում, եւ խաղի կանոնները ոչ մեկին պարզ ու հասկանալի չեն լինելու։ Էլ չեմ խոսում արդարության մասին․․․,

3․ Անկախ խախտումներից՝ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։

Բոլոր տարբերակները վատն են, ներառյալ վերջինը, քանի որ այնպիսի որոշման, ինչպիսին Արտակարգ դրության հայտարարումն է, որեւէ կետի արհամարհումը դառնում է նվեր իրավական նիհիլիզմին։

Հետեւաբար, Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի այլ տարածողների գործունեության սահմանափակումը պիտի լինի ոչ ավելի, քան անհրաժեշտ է՝ եղած խնդիրներին արձագանքելու առումով, միատեսակ ընկալելի, իրատեսական կիրառման տեսակետից իրավիճակին համաչափ ու անցանկալի հետեւանքներ չունեցող (օրինակ, ԱԴ-ի ավարտից հետո պիտի բացառվի ոչ իրավաչափ պատիժները բողոքարկող դատական հայցերի տարափը)։ Ցավոք, կառավարության ընդունած որոշման՝ տեղեկատվության տարածմանը վերաբերող դրույթներն այդպիսին չեն, եւ խմբագիրների՝ վերեւում հիշատակված հայտարարությունը դրա վկայությունն է։ Ելնելով նշված սկզբունքներից՝ պատկերացնում եմ պարզ եւ «փափուկ» դրույթներ․ մենք չունենք զանգվածային խուճապի եւ վտանգավոր ապատեղակատվության ակնհայտ դրսեւորումներ, իսկ այն, ինչ կա, հաջողությամբ կառավարվում է՝ հիմնականում վարչապետի կողմից։ Իրավիճակի փոփոխման եւ կարգավորումը խստացնելու անհրաժեշտության դեպքում՝ Պարետատան ձեռքը ոչ ոք չի բռնել։ Այդ դրույթների կիրառման համար պիտի լիազորվեն կոնկրետ իրազեկ կառույցներ։ Շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները դիտարկվեն ոչ թե որպես խանգարող գործոն, այլ որպես դաշնակից՝ քաղաքացիների բնական տեղեկատվական ծարավը հագեցնելու հարցում։

Եվ այսպես՝ ԱԴ-ի պայմաններում, իմ կարծիքով, անհրաժեշտ էին միայն մի քանի միանշանակ հասկացվող կետեր։

1․ Խստագույնս պիտի արգելվեր (եւ ոչ միայն լրատվամիջացների, այլ ցանկացած, այդ թվում պաշտոնատար անձանց կողմից) հիվանդների, վարակակիրների, մեկուսացվածների նույնականացմանը հանգեցնող տվյալների տարածումը (բացառությամբ՝ երբ մարդն իր կամքով համաձայն է նույնականացվել)․ դա պայմանավորված է ինչպես հիվանդությանը, որպես մասնավոր կյանքի մասին պաշտպանությանը ենթակա տեղեկության դիտարկմամբ, այնպես էլ վարակի զոհերի անվտանգության ապահովմամբ։ Այս սահմանափակումը կիրառման առումով հիմնականն է առաջատար ժողովրդավարական երկրներում (սրա մասին է վկայում եվրոպական մամուլի խորհուրդների պրակտիկան), սակայն մեզանում այն քիչ է կարեւորվում։

2․ ԱԴ-ի ժամանակ կորոնավիրուսի մասին խոսելիս պիտի բացառվի անորոշ աղբյուրների վրա հղումը ( Ավինյանի ձեւակեպմամբ՝ «օդից կախված լուրերին», «վստահելի» անանուն աղբյուրներին» եւ այլն)։

3․ Ոչ պաշտոնական տեղեկություն տարածելիս լրատվամիջոցը պիտի պարտավորվի՝ առանց որեւէ գնահատականի մեջբերել նույն հարցին վերաբերող պաշտոնական տեղեկությունը կամ, դրա բացակայության պարագայում, ստանա պաշտոնական ատյանի մեկնաբանությունը (սա նաեւ Արա Ղազարյանի հնչեցրած կարծիքն է)։ Որպես պաշտոնական մեկնաբանություն, որը պետք է տրվի ողջամիտ ժամկետներում (ոչ ավելի, քան մեկ ժամում), կարող են ընկալվել նաեւ «չենք հաստատում», «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», «չունենք այդպիսի տեղեկություն» պատասխանները։ Պետք չէ բացառել, որ լրագրողին կարող են հասանելի դառնալ վարակի վերաբերյալ հանրային նշանակություն ունեցող տվյալներ, որոնց չեն տիրապետում պաշտոնատար անձինք։ Եվ լսարանն ինքը իրավունք ունի որոշելու, թե իր համար որքանով է վստահելի այն լուրը, որը տարբերվում է պաշտոնականից, կամ ուղեկցվում է պաշտոնական մեկնաբանությամբ։

4․ Համաճարակի մասին արտերկրին վերաբերող տեղեկությունները կարիք չունեն ՀՀ պաշտոնական ատյանների կողմից հավաստման, քանի որ վերջինները դրանց չեն կարող տիրապետել, սակայն պիտի պարտադիր հղում ունենան կոնկրետ աղբյուրի վրա։

5․ Նշված դրույթների կիրառման պատասխանատուն պիտի լինեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ Պարետատան կողմից լիազորված այլ (կոնկրետ անվանված) մասնագիտացված կառույց(ներ)ը։

Հարգելի պարոնայք Տիգրան Ավինյան, Վահագն Թևոսյան, Հովհաննես Մովսիսյան, խնդրում եմ հաշվի առեք, որ ներկայացված մոտեցումից սկզբունքորեն տարբերվող ու, ըստ որոշ տեղեկությունների, արդեն կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ Արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ