18 03 2020

Բացահայտվել է առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման դեպք․ ՊԵԿ

Բացահայտվել է առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման դեպք․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Մասնավորապես` օրերս վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արտաշատում գործող շուկաներից մեկի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի, ֆիզիկական անձի կողմից կատարվում են տարադրամի փոխանակման գործարքներ։ Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում՝ Արտաշատում` շուկայի հարակից տարածքում, ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո արտարժույթի փոխանակում իրականացնելուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ։

Վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում` արտարժույթ։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ հասարակական վայրերում, ինչպես նաև առևտրի կազմակերպման վայրերին հարակից տարածքներում առանց համապատասխան թույլտվության տարադրամի փոխանակման գործարքներ կատարելուց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ