Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը:
«Երեկ անմիջապես եղավ քաղաքապետի հանձնարարականը, որ մենք պետք է մասնագիտացված ընկերության կողմից ախտահանում իրականացնենք նաև մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի միջոցներով: Ամբողջությամբ դաշտը վերցրել ենք մեր հսկողության տակ, ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով. կախտահանվի և՛ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը և մասնավոր երթուղիների շարժակազմերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:
Աշխատանքներն իրականացվում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից: Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով:
«Մեր ընկերությունը սպասարկում է 11 երթուղի: Վաղն արդեն ամբողջությամբ կունենանք ախտահանված մեքենաներ»,- նշում է «ՄՈՒԱՏ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Բեգլարյանը:
Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Մասնագիտացված հատուկ խմբերը կաշխատեն ողջ գիշեր, որպեսզի արդեն առավոտյան միկրոավտոբուսները, ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն ախտահանված ու պատրաստ լինեն շահագործման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը