Հռոմից հատուկ չվերթով ինքնաթիռը ճանապարհվել է Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և #հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։
Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով #Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։
Նշենք, որ ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են #առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:
Մեր հայրենակիցներին մաղթում եմ ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք»,- գրել է նա։
Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է․
« Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»։
Չվերթով Իտալիայից Հայաստան է եկել ՀՀ 67 քաղաքացի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը