ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ նման հերթական ճաշարանի բացման արարողությանը, մարտի 8-ին մասնակցել եւ մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ եւս, անձնակազմի արձագանքը միանշանակ դրական է:
Միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման գործընթացի իրականացումը, հրամկազմի համար խնայում է ոչ միայն հսկայական մարդկային եւ նյութական միջոցներ, այլեւ ապահովում է հավելյալ ազատ ժամանակ, որը հնարավորություն է ընձեռում մարտական պատրաստության ու պատրաստականության համալիր գործընթացներին հատկացնել շատ ավելի մեծ ուշադրություն: Ի դեպ, միավորման ենթակա մյուս զորամասերում եւս, ընթացքի մեջ են պարենային ապահովման նոր տարբերակի անցման աշխատանքները, որոնք ավարտին կհասնեն սահմանված ժամկետներում:
Նոր ճաշարանի սպասարկող անձնակազմի գերակշիռ մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Քանի որ ճաշարանի բացումը համընկել է կանանց միջազգային տոն օրվա հետ, վերջիններս նվերներ ու շնորհավորանքներ են ստացել հրամանատարության եւ մատակարար ընկերության ղեկավարության կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը