07 03 2020

Գեղեցկությունը տարիքի հետ կապ չունի. նախագահը՝ վաստակաշատ հայուհիներին



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին:

Նախագահը շնորհավորել է վաստակաշատ հայուհիներին տոնի առթիվ, մաղթել առողջություն և ամենայն բարիք: Բարձր գնահատելով նրանց վաստակը մեր պետության կայացման, մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում, նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը կենդանի պատմություն, հայրենիքին ու ժողովրդին արժանավայել ծառայելու և նվիրվելու կենդանի օրինակ են: Նրանք իրենց գործունեությամբ ստեղծել են պատմության հայկական այն էջերը, որոնք մեծ արժեք ու անանց հիշողություն են, թե ինչպես ապրել, ինչպես աշխատել, ինչպես ստեղծել և ստեղծագործել:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահի հյուրերը նախագահ Սարգսյանի հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց գործունեությունը։ Նրանք պատմել են դրվագներ իրենց կյանքից, անդրադարձել իրենց ընտանիքների պատմությանը՝ հայոց ցեղասպանություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ... Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններն ու ցավերն ունի:

«Սակայն, մյուս կողմից, չնայած Մեծ եղեռնին, դժվարություններին և ցավին, այսօր երկիր ենք, որն ունի հզոր բանակ, ունի երկու սիմֆոնիկ նվագախումբ, փայլուն երաժիշտներ է ծնում, ունի կոնսերվատորիա, որով կարող ենք հպարտ լինել,- ասել է նախագահը:

«Մենք՝ հայերս, կարող ենք հպարտ լինել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հսկայական ներդրում ունենք: Մատենադարան ունենք, որին շատ երկրներ նույնիսկ մոտիկ չեն: Մենք վերապրելու հատուկ գաղտնիք ունենք, ապրելու, գոյատևելու հատուկ շնորհ»:

Վաստակաշատ մեր հայրենակցուհիներին զարդարողը նաև նրանց պատկառելի տարիքն է՝ 85-100։ Սրանք սոսկ թվեր չեն, այլ ինքնատիպ տարեգրություն մարդու և ճակատագրի մասին, ճակատագիր, որը մեր պետության ու ժողովրդի ճակատագրի անբաժան մասն է:

«Ես շատ լավատես եմ, պարզ, ուրախ աչքերով եմ նայում ապագային, որովհետև նախ և առաջ շրջապատված եմ ձեզ նման գեղեցիկ կանանցով,- դիմելով իրեն հյուր եկած մեր հայրենակցուհիներին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

 «Գեղեցկությունը տարիքի հետ կապ չունի, այն գրավիչ լինելու հատկություն է: Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև՝ անհատականություն: Ես ուզում եմ բոլորիդ նախ և առաջ մաղթել առողջություն, ժպիտ, որպեսզի ձեր ներքին դրական էներգիան, եռանդը փոխանցեք հաջորդ սերնդին: Լավագույն մաղթանքներս ձեզ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ