Հարգելի պարոն Թորոսյան,
Մենք՝ բժիշկներս, հասարակական գործիչներս և Հայաստանի մարզերի հետաքրքրված բնակիչներս մեծ մտահոգությամբ ընդունեցինք ՀՀ կառավարության որոշումն առ այն, որ դադարեցվում է մարզային մի շարք ծննդատների ֆինանսավորումը, ինչը կարող է բերել դրանց լուծարման:
Իշխանությունները հղում են կատարում պարտադիր՝ տարեկան 150 ծնունդ ցուցանիշին, որը պետք է ապահովի ծննդատունը, պնդելով, որ այդ ցուցանիշի առկայությունը կապահովի բժշկական օգնության որակն ու համապատասխան բժշկական հաստատությունների գործունեության տնտեսական արդյունավետությունը:
Արդեն իսկ փակվել է Մարալիկի ծննդատունը, փակման սպառնալիք է կախված մի շարք այլ բժշկական հաստատությունների վրա:
Մեզ համար անհասկանալի է այս որոշումը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական այն բարդ պայմանները, որում ապրում են հատկապես մարզերի բնակիչները: Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն փնտրել հավելյալ միջոցներ, որպեսզի կարողանան դիմել մոտակա բժշկական կենտրոններ, կամ էլ ընդհանրապես կմնան առանց անհրաժեշտ բուժօգնության:
Մեր կարծիքով, եթե պետությունը ցանկանում է բարելավել դեմոգրաֆիական ցուցանիշները, պայքարել մանկական մահացության դեմ, ապա ծննդատները մարզերում ոչ թե պետք է փակվեն, այլ, հակառակը, հնարավորինս արդիականացվեն: Եվ դա ենթադրում է ոչ միայն լիարժեք նյութական, այլև կադրային ապահովում: Թեև այսօր մարզային ծննդատների մեծամասնությունը գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում, բայց սա ամենևին էլ պատճառ չէ, որ դրանք փակվեն:
Հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կլսի մեր ձայնը և կանի ամենը հայկական ընտանիքների առողջության ու բարեկեցության ապահովման համար: Կոչ ենք անում Կառավարությանը հետևել ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու մասին սեփական իսկ լոզունգներին:
Արման Ղուկասյան, «Հանուն սոցիալական արդարություան» կուսակցության նախագահ
Ծովինար Կոստանյան, «Հանուն սոցիալական արդարություան» կուսակցության փոխնախագահ
Արամ Սարգսյան, մանկաբարձ-գինեկոլոգ
Ալբերտ Գրիգորյան, բժիշկ-վիրաբույժ
Սոնա Աղեկյան, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար
Սարգիս Տեր-Եսայան, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ
Լուիզա Գումրոյան, լրագրող
Արաքսյա Ստեփանյան, իրավաբան
Սամվել Պետրոսյան, տնտեսագետ
Աննա Աբգարյան, իրավաբան
Էդվարդ Վարդանյան, էներգետիկ (Արարատի մարզի բնակիչ)
Անդրանիկ Սիմոնյան, ուսուցիչ (Արարատի մարզի բնակիչ)
Ալբերտ Գալստյան, անհատ ձեռներեց (Արմավիրի մարզի բնակիչ)
Սարգիս Ենգիբարյան, շինարար (Արմավիրի մարզի բնակիչ)
Աննա Գիզոյան, դեղագործ (Կոտայքի մարզի բնակիչ)
Վահե Առաքելյան, վարորդ (Կոտայքի մարզի բնակիչ)
Արթուր Իսոյան, տնտեսագետ (Տավուշի մարզի բնակիչ)
Դիանա Վաղարշյան, մանկապարտեզի վարիչ (Տավուշի մարզի բնակիչ)
Սամվել Մխիթարյան, շինարար (Շիրակի մարզի բնակիչ)
Արտակ Սարգսյան, հողագործ (Շիրակի մարզի բնակիչ)
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը