27 02 2020

Կառավարությունն ընկել է ոստիկանության հետևից․ մանկապարտեզը, հոսպիտալն ու թերթը փակվել են

Կառավարությունն ընկել է ոստիկանության հետևից․ մանկապարտեզը, հոսպիտալն ու թերթը փակվել են

Հունվարի 1-ից դադարեցվել է Ոստիկանության «02 շաբաթաթերթի» հրատարակումը։ Որոշումը կառավարությանն է։ Թերթը հիմնադրվել էր 1991-ից ու 29 տարի ինքնաբավ էր, առանց բյուջեից որևէ ֆինանսական հատկացման կարողանում էր պահել 10-12 հոգանոց աշխատակազմ ու դեռ պետությանը բավականին շոշափելի չափով հարկեր էր վճարում։ Լուծարված թերթի խմբագրության 10 աշխատակիցներից միայն մի մասն է համակարգում մնացել՝ տեղափոխվելով այլ հաստիքի, մյուսները կորցրել են աշխատանքը։ Ոստիկանությունում հույսեր են փայփայում, որ ինչ որ միջոցներ կհայթայթվեն, և շուտով կվերաբացվի «02 շաբաթաթերթը»։ Համենայն դեպս, ոստիկանապետը, ասում են, ջանում է, որ ավանդույթը չխախտվի։

Ի դեպ, հեղափոխական Կառավարության՝ ոչ պրոֆիլային ՊՈԱԿ–ների դեմ մղած պայքարը հարված է հասցրել ոստիկանության այլ օղակների ևս։

Փետրվարի 27-ից Երևանի Ավան վարչական շրջանում գործող ծառայողների հոսպիտալը լուծարվեց, իսկ հունվարի մեկից լուծարվել է Ոստիկանությանը ենթակա մանկապարտեզը։ Ընդ որում՝ առանց նախնական ծանուցման՝ ձմռան կեսին դրսում թողնելով 170–ից ավելի երեխայի։

88 տարի գործող երեխաների զարգացման կենտրոնը ստեղծվել էր հենց ոստիկանական ծառայողների երեխաների համար․ հաճախում էին նրանց՝ 160 երեխաներ և վճարովի հիմունքներով՝ տասնյակից ավելի համայնքի երեխա։

Ոսումնական տարվա կեսին մանկապարտեզը փակելու, ինչպես նաև «02 շաբաթաթերթ ՓԲԸ»-ն լուծարելու քմահաճ որոշման հիմքում, ընդգծենք, ՊՈԱԿ-ների դեմ կառավարության արշավն էր։ Եվ եթե «02»-ի և այլոց պարագայում կառավարության թրի տակով անցնող հազարավոր մարդիկ գործազուրկ դարձան, ապա մանկապարտեզի պարագայում հարվածի տակ են երեխաները։

Տոներից հետո ծնողները, սովորականի պես, երեխաների ձեռքը բռնած եկել էին մանապարտեզ ու ապշահար կնգնած մնացել փակված դռների առջև՝ չիմանալով ում դիմել և որտեղից իրենց հարցերի պատասխանը ստանալ։ Շուրջ մեկ ամիս ծնողները խուճապահար անորոշության մեջ էին՝ առանց տեղեկատվության՝ չհասկանալով՝ ինչի սպասել ու որքան ժամանակ։ Մինչ 170 և ավելի երեխայի մի մասի ծնողները հապճեպ իրենց բալիկներին տեղավորել էին մասնավոր մանկապարտեզներում, որպեսզի իրենց աշխատանքային օրակարգը չկազմալուծվի, իսկ մյուս մասն անորոշության մեջ էր, կառավարությունը հարկադրված հետքայլ արեց։

Շուրջ տասն օր է՝ նույն մանկապարտեզը վերաբացել է դռները և վերադարձրել սաներին ու հին կարգավիճակով կգործի հավանաբար մինչև ուսումնական տարվա ավարտը, մինչև որ կառավարությունն այն ՀՈԱԿ դարձնելու որոշում կայացնի։ Սույն զարգացման կենտրոնը մտադիր են կցել Երևանի քաղաքապետարանին, տալ ՀՈԱԿ-ի կարգավիճակ, որպեսզի քաղաքապետարանի բյուջեով այն ծառայի որպես համայնքային մանկապարտեզ։

Yerevan․Today-ը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից փորձեց պարզել՝ երբ է սպասվում տվյալ մանկապարտեզի իրավական կարգավիճակի հստակեցումը։ Ասաց, որ Կառավարության համապատասխան որոշմանն են սպասում, որից հետո մանկապարտեզը կմտնի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Հաջորդ քայլին, փոխքաղաքապետի խոսքով, գույքային հարցը կլուծվի։ Շենքը, որը գտնվում է Երևանի փոքր կենտրոնում՝ Սայթ Նովա փողոցի վրա, ոստիկանության հաշվեկշռից կտեղափոխվի Պետգույքի կառավարման կոմիտե, ապա առանձին որոշմամբ կհանձնվի Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ծառայի որպես հանրային մանկապարտեզ։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ