24 02 2020

Գրիգոր Հայրապետյանը կշարունակի վարել ՀՀ «համար մեկ բորտը»․ 168.am

Գրիգոր Հայրապետյանը կշարունակի վարել ՀՀ «համար մեկ բորտը»․ 168.am

168.am-ը գրում է․ «Փետրվարի 24-ին լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ աշխատանքից ազատման դիմում է գրել «Թիվ 1 բորտի» հրամանատարը՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը։

Կայքը նաև հիշեցրել էր, որ վերջինս քաղավիացիայի ոլորտում է աշխատում 1973 թվականից, և վերջին տարիներին, 2015-ից սկսած՝ երկրի թիվ մեկ բորտի հրամանատարն էր՝ ապահովելով Սերժ Սարգսյանի, ապա նաև՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգ թռիչքները տարբեր երկրներ։

168.am-ի հետ զրույցում Գրիգոր Հայրապետյանը նախ ասաց, որ չի ուզում, որ տեղեկությունը քաղաքականացվի, ու խնդրեց սպասել պաշտոնական տեղեկատվության: Ասաց միայն, որ լրիվ անձնական պատճառներից ելնելով՝ ընտրել է երկու աշխատանքներից մեկը՝ մնալ օդաչու:

Մեր հարցին, թե ճի՞շտ ենք հասկացել, որ խոսքը երկու պաշտոններն այլևս չհամատեղելու մասին է, «Թիվ 1 բորտի» հրամանատարն ասաց՝ այո, Դուք ճիշտ հասկացաք. դրանք երկու տարբեր զբաղվածություններ են:

«Ես 2007թ.-ից «Թիվ 1 բորտի» հրամանատարն եմ: Ես սկսել եմ ոչ թե պարոն Սարգսյանի (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան.- Գ.Ս.), այլ պարոն Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան.- Գ.Ս.) հետ և մինչև օրս էլ մնում եմ դեռ այստեղ»,- ասաց Գրիգոր Հայրապետյանը՝ շեշտելով, որ շարունակելու է մնալ որպես «Թիվ 1 բորտի» հրամանատար՝ թողնելով սոսկ վարչության պետի պաշտոնը, որովհետև դրանք համատեղելն իր համար բարդ է:

Հ.Գ. Վերջում ուզում ենք նշել Գրիգոր Հայրապետյանի՝ լրագրողների հետ շփվելու բացառիկ կուլտուրան, և ցանկանում հուսալ, որ նորընծա մեր պաշտոնյաներն օրինակ կվերցնեն փորձառու հրամանատարից, որի կենսափորձը նրանցից շատերի համար շատ լավ դաս կարող է լինել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ