ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադաձավ բանակում վերջին օրերս արձանագրված դեպքերին՝ նշելով, որ ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար, առաջին հերթին և պաշտպանության նախարարի, և գլխավոր շտաբի պետի համար։
Փաշինյանը նշեց, որ խնդիրը խորքային հասկանալու համար, պետք է ըմբռնել, թե երեխաները միմյանց հետ ինչպես են շփվում.
«Պետք է գնանք եւ տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում։ Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ, ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են, դե գիտեք այս գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների եւ ազգային ինքնության պահպանման համար շատ կարեւոր է։ Ես զարմացած եմ։ Այսօր բանակում ի՞նչ խնդիր ունենք, իմ վարչապետ դառնալուց հետո վարտիք փոխելու խնդիր ենք դրել, վարտիքները փոխվեցին, հետո զորամասերը լվացքի մեքենաներով ապահովվեցին, հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվում է ուրիշի վարտիքի հետ, եւ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծել։ Դուք հասկանո՞ւմ եք, սա ինչ պրոբլեմ է։ Խնդիրն այն է, որ գենետիկ մակարդակում նույնիսկ այս խնդիրը պետք է ախտորոշենք, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական կրթամշակույթի արտահայտման ձևերից է։ Հանգամանքների բերումով եղել եմ քրեակատարողական հիմնարկում, տեսել եմ, թե ինչ հասկացություններով մարդուն ոտքի վրա ոչնչացնում, ջարդում ու հողին հավասար են սարքում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը