Factor TV-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը գրառում էր կատարել` պնդելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները համարվել են բարեգործական ու ազատվել մի շարք հարկերից։ Այս տեղեկությունը հաջորդ իսկ օրը հերքել էր հիմնադրամի գործադիր տնօրենը՝ մանրամասն բացատրելով, որ հարկերից ազատված են ոչ թե դրամաշնորհառու կազմակերպությունները, այլ՝ հիմնադրամը, որը սկսած 1998 թվականից բազմիցս ճանաչվել է որպես բարեգործական կազմակերպություն ու հարկային արտոնություն ստացել նախորդ կառավարությունների օրոք։
Ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ վերը նշված գրառման մեջ, ի թիվս այլ կազմակերպությունների, որպես հարկերից ազատված ՀԿ ներկայացվել էր նաև «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը», ինչի կապակցությամբ մենք հունվարի 15-ին ևս հանդես եկանք հերքմամբ։ Այդուհանդերձ, նույն օրը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման եթերում, հիմք ընդունելով այս կեղծ տեղեկատվությունը, լրատվադաշտի մեր որոշ գործընկերներ դա ներկայացրել են իբրև ճշմարիտ փաստ ու, որպես ելակետ ունենալով Factor TV-ի հետ կապված թյուր տեղեկատվությունը, հանգել ոչ ճիշտ եզրահանգումների։
Մասնավորապես՝ «Ժուռնալիստների միության նախագահ», 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը և TV5-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նշել են, որ դա խտրական մոտեցում է՝ հարցադրում անելով, թե ինչու է Factor.TV-ն ազատվել հարկերից։ Իսկ Tert.am-ի սեփականատերերից Միհրան Պողոսյանն էլ՝ պնդում անելով, որ FactorTV-ն բարեգործական է, տարակուսել է, թե այդ դեպքում ինչու այդպիսի կարգավիճակ չունեն այլ լրատվամիջոցներ։
Հատկանշական է, որ ապատեղեկատվությանը տրվել է նաև «Մեդիա պաշտպան» ՀԿ-ն՝ հայտնի հեղինակի գրառման մեջ բերվածը ներակայացնելով իբրև անհավասար պայմաններ՝ լրատվամիջոցների համար։
Վստահ լինելով, որ մեր գործընկերները նպատակ չեն ունեցել միտումնավոր ապատեղեկատվություն ներկայացրել FactorTV-ի մասին, այլ, միգուցե, բավարար ժամանակ չեն ունեցել այն ճշտելու համար կամ ծանոթ չեն եղել մեր հերքմանը, հարկ ենք համարում նրանց և հանրությանը ևս մեկ անգամ տեղեկացնել, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» մշտապես վճարել և վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և դրանց հավասարեցված վճարները։
FactorTV-ն բարեխիղճ հարկատու է և երբևէ որևէ հարկային կամ այլ տիպի առավելություն չի ունեցել և չունի գործընկերների նկատմամբ։
Միայն 2019 թ․ ընթացքում «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» պետբյուջե է վճարել 28 միլիոն 833 հազար 575 դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։
Իսկ իր գործունեության 3 տարիների ընթացքում «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» վճարել է ընդհանուր 67 միլիոն 672 հազար 828 դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։
Նաև հարկ ենք համարում նշել, որ լրատվադաշտի իր գործընկերների հետ հարաբերություններում Factor TV-ն մշտապես հանդես է գալիս որպես պարկեշտ գործընկեր՝ ակնկալելով նույնպիսի վերաբերմունք նրանցից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը