15 01 2020

Հայաստանի ուժը նաև դուք եք․ Արմեն Սարգսյանը՝ Շարժայի հայերին

Հայաստանի ուժը նաև դուք եք․ Արմեն Սարգսյանը՝ Շարժայի հայերին

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետեւ հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ես ձեզնից մեկն եմ, դուք՝ բոլորդ, Հայաստանի մասն եք։ Սրանք շնորհակալության, գովքի խոսքեր չեն։ Սա իրականություն է,-իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը միայն մեր շենքերը, պատմությունը, հողերը, լեռները, եկեղեցիները չեն։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս միասին։

Դուք Հայաստանի մասնիկն եք, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունե՞ք, թե ոչ։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայ երեխա, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ծնվում, եթե ծնվում է հայկական ընտանիքում, ապա նրա ծննդյան օրվա հետ նրա մեջ ծնվում է Հայաստանը։ Այսինքն՝ պարտադիր չէ Հայաստանում ծնվել՝ Հայաստանը քո մեջ ունենալու համար։

Ես երազում եմ, որ մի օր բոլոր հայերը վերադառնան հայրենիք, սակայն ես ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն այսօր վերադարձել է հայրենիք։ Վերադարձել է, որովհետեւ ունի հայկական անձնագիր, Հայաստանում ունի ազգականներ, սիրում է Երեւանը, հայրենիքի համար պատրաստ է ծառայել։ Վերադարձել է, որովհետեւ երբ դժվարություն կամ անհրաժեշտություն լինի, պատրաստ է շատ բաներ զոհաբերել հայրենիքի համար, որովհետեւ պատրաստ է ծառայել իր հայրենիքին եւ այն հզոր ու ամուր դարձնել։ Միայն հզոր, ամուր եւ ուժեղ հայրենիքն է, որ մեզ բոլորիս դարձնում է միասնական, ամուր եւ վստահելի։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Լիբանանում, Ռուսաստանում կամ այստեղ, եթե ունենք հզոր եւ կայուն հայրենիք, բոլորս գիտենք, որ ունենք տուն, ուր դժվարության պահին կարող ենք գնալ»:

Նախագահ Սարգսյանը հորդորել է այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը եւ երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետեւ նրանք Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիներն են։ «Ինձ համար հայաստանցի եւ Սփյուռք չկա։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է»,-ասել է նախագահը։

Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը դահլիճում գտնվող երեխաները հնչեցրել են մեծն Թումանյանի խոսքերը, որոնք փոքր ինչ ձեւափոխելով Արմեն Սարգսյանը դիմել է նրանց. «Ապրե՛ք, երեխե՛ք, եւ մե՛զ պես ապրեք, որովհետեւ մենք հաղթող եւ ուժեղ ժողովուրդ ենք։ Ապրե՛ք, երեխե՛ք եւ մեզնից լա՛վ ապրեք։ Ապրե՛ք, երեխե՛ք եւ մեզնից ավելի մեծ հաղթանակներ ունեցե՛ք»:

Արձանագրելով, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է փոփոխվում, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն ժողովուրդները, որոնք ունեն որոշակի որակներ, պահպանել են իրենց ազգային մշակույթը, ինքնությունը, եկեղեցին, կրոնը մշակույթը, լեզուն, կապված են իրենց հայրենիքի հետ, կարող են հաջողել։ «Այսօր Հայաստանի ուժը նաեւ դուք եք։ Դուք կարող եք կապել Հայաստանն աշխարհի հետ,- մեր հայրենակիցներին ասել է Հայաստանի նախագահը։ -Այն ժողովուրդները, որոնք հնարավորություն ունեն զարգացնել նոր տեխնոլոգիաները եւ արագ փոփոխվող աշխարհում կայուն եւ ինքնավստահ են, կկարողանան հաջողության հասնել։ Վստահեցնում եմ ձեզ, որ այդպես է լինելու, որովհետեւ իզուր չէ, որ մենք դարերով դժվարություններ եւ տառապանք ենք տեսել, անցել ենք ցեղասպանության մեծ փորձության միջով եւ դարձել ենք ժողովուրդ, որն ընդունակ է գոյատեւել, վերականգնվել։ Մենք հաղթանակած ժողովուրդ ենք եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի դրանով եւ հաղթանակի ոգին իր մեջ կրի։ Ես լիովին վստահ եմ մեր ապագայի համար, վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»:

Անդրադառնալով ԱՄԷ իր այցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես հարաբերությունների ավելի ջերմացման, այնպես էլ բազմաթիվ ծրագրերի տեսքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ