08 01 2020

Գարեգին Բ-ն անդրադարձել է 2020-ի ծրագրերին և նախաձեռնություններին

Գարեգին Բ-ն անդրադարձել է 2020-ի ծրագրերին և նախաձեռնություններին

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրեւ մեկ մեծ ընտանիք, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին, պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ ծառայությունը բերել ի նպաստ Սուրբ Էջմիածնի սրբազան առաքելության:

Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին նաեւ շնորհավորական խոսք ուղղեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Այնուհետեւ ներկաներին տարեսկզբի իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հայրապետը, շնորհավորելով աշխարհական աշխատակիցներին տոների առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց նրանց՝ պարտականությունները նախանձախնդրորեն, սիրով եւ հանձնառությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր ծառայությունը հայ ժողովրդի կյանքում: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ անցնող տարում Մայր Աթոռի կողմից արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մեջ իր կարեւոր բաժինն ունի աշխարհիկ պաշտոնեությունը: «Ձեր աշխատանքը միայն առանձին անձանց չէ, որ ուրախություն ու գոհունակություն է պատճառում: Ձեր աշխատանքի արդյունքը բերկրանք է պատճառում մեր ողջ ժողովրդին, որովհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ազգի նվիրական սուրբ տունն է, հոգեւոր հաստատությունը: Եվ այս հաստատության բարեշեն եւ պայծառ լինելը ուրախություն է թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու համար»,- ասաց Հայոց Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի անդրադարձ կատարեց 2020 թվականի ծրագրերին` առանձնացնելով հավատացելոց կյանքում եկեղեցական առաքելության զորացմանն ուղղված նախաձեռնությունները, Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը եւ Մայր Տաճարի հիմնանորոգությունն ու վերաբացումը:

Խոսելով հոգեւոր կյանքի զորացման կարեւորության մասին` Նորին Սրբությունն ընդգծեց. «Ապրել Աստծո հետ նշանակում է կյանքն ապրել սիրո եւ բարության մեջ: Ապրել Աստծո հետ նշանակում է ապրել առաջընթաց եւ բարօր կյանքով»:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն եւ արեւշատ կյանքի երկար տարիներ: Հայոց Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Սուրբ Աջը եւ Սուրբ Ծննդյան առատ շնորհները միշտ հովանի լինեն հայորդիներին եւ նրանց ընտանիքներին` խաղաղության եւ բարօրության մեջ պահելով հայրենիքը եւ ողջ աշխարհը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ