Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից եւ, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։
«Կարեւոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու եւ առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը եւ հիգիենան շատ էական եւ կարեւոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել եւ հետեւաբար ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն։ Շինարարական եւ սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարեւոր են, այնպես որ, բոլորս պետք է աջակցենք, որ սակրավորները եւ շինարարներն իրենց գործը բարձր որակով կատարեն,-նշել է նախագահը։-Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը