10 12 2019

Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի 1-ին նիստը

Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի 1-ին նիստը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Բարեւ ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Կանանց հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանեց բոլոր մարդկանց իրավունքների անքակտելիությունը՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, լեզվից ու ծագումից։

Հավասարությունը մարդու հիմնարար եւ կարեւորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում եւ ենթադրում է արդարացի եւ անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմք ընդունելով այս համընդհանուր սկզբունքը՝ Կանանց հարցերով խորհուրդը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հարթակներում կանանց եւ տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ամրապնդմանը եւ յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ եւ անվտանգ միջավայրի ապահովմանը:

Թեպետ հավասարության ամրապնդման համար զգալի քայլեր են կատարվել, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, խտրական վերաբերմունքը եւ բռնությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձեւերից մեկը:

Լավատեղյակ լինելով կանանց եւ տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության ոչ լիարժեք կիրարկման եւ օրենսդրական կարգավորումների թերի ապահովման հիմնախնդիրներից՝ հուսով եմ, որ հենց այս խորհրդի շրջանակներում կարողանալու ենք գտնել առավել նորարար, թիրախավորված եւ խորքային վերլուծության վրա հիմնված լուծումներ:

Կարծում եմ՝ Խորհրդի առջեւ դրված նպատակներին բոլորը ծանոթ են։ Ցանկանում եմ առանձնացնել եւ վերաձեւակերպել մի քանիսը, որոնք համարում եմ առաջնահերթ։

•             Բռնության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, փողոցում։ Յուրաքանչյուր ոք, անկախ սեռային պատկանելությունից, իրավունք ունի ապրելու բռնությունից ու ատելությունից զերծ միջավայրում։ Եվ եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն:

•             Խտրականության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Կլինի դա աշխատանքի ընդունվելիս, թե ծառայություններ ստանալիս՝ ցանկացած հիմքով խտրականությունը մեզ համար պետք է լինի մերժելի ու պատժելի արարք։

•             Կանանց տնտեսական զորեղացում։ Գաղտնիք չէ, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը, սակայն, բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում։ Պետությունը, հանրային լայն համագործակցության միջոցով, պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները՝ այդպիսով խրախուսելով կանանց ու տղամարդկանց տնտեսական հավասարությունը եւ խթանելով ներառական տնտեսական զարգացումը։ Շատ կոնկրետ գործողություններ արդեն իսկ նախատեսվել են «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության շրջանակներում եւ կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում այդ գործողությունները կյանքի կկոչվեն:

•             Եվ վերջինը վերաբերում է ընդհանուր կանխարգելման ինստիտուտին. խտրականության, բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին է խոսքը, որոնց թվում են առկա կարծրատիպերի վերացումը, ատելության խոսքի բացառումը։ Այս համատեքստում կարեւոր է հատկապես դպրոցի ու մեդիայի դերը, որը պետք է բացառի խտրականություն քարոզող բովանդակության տարածումը։

Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձեւավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ