03 12 2019

Ջինսերով էին հագված․ ինչո՞ւ չի ստացվել Մարության-շեյխեր հանդիպումը

Ջինսերով էին հագված․ ինչո՞ւ չի ստացվել Մարության-շեյխեր հանդիպումը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հ1-ի եթերում անդրադարձել է շեյխերի հետ կապված վերջին թեմային, ըստ որի՝ ներդրողները հիսաթափվել են իր հետ հանդիպելուց հետո։

«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում, որոնց հետեւում փաստեր չկան։ Այո, հանդիպումը եղել է, եղել են ներդրողները։ Զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա, կիրակի օրը հանդիպումը կայացավ։ Հադիպումը, քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ։ Հիվանդանոցի բարեգործական լինելու մասին ոչ մի խոսք չի եղել։ Մենք ասացինք՝ ինչով հնարավոր է կաջակցենք։ Ես ասացի՝ խնդիր չկա, քանի որ մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում։ Եվ մեզ համար շաբաթ-կիրակի գոյություն չունի։ Ժամ ասացին, մենք հարմարվեցինք իրենց, պարոն Մեսչյանին ասացի, որ կիրակի օրով գա հանդիպման։ Հրավիրել ենք պռոտոկոլին եւ շատ ճիշտ ձեւով նրանց դիմավորել ենք։ Մենք շատ պաշտոնական էինք հագնված, իսկ նրանք ջինսերով ու մայկաներով էին»,- պատմել է քաղաքապետը։

Հայկ մարությանը պնդել է, որ հանդիպման հյուրերը պատրաստակամություն են հայտնել կառուցել հիվանդանոց եւ հյուրանոց, սակայն հիվանդանոցի՝ բարեգործական լինելու մասին խոսք չի եղել։

Հայկ Մարությանը նաև նշել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեք հարկանի կիսակառույց հյուրանոցի երկու հարկն ապօրինի է կառուցված։

«Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետեւ ձեր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր հարեւանի օգնությամբ, որը դիմել է դատարան եւ դատարանը որպես հայցի բավարարում՝ կասեցրել է այդ շինարարությունը։ Քաղաքապետարանն այստեղ բացարաձակ կապ չունի»,- ասել է Մարությանը եւ հավելել, որ քաղաքապետարանը ցանկանում է օր առաջ ազատվել կիսակառույց շինություններից, որպեսզի փոշին քաղաքից անհետանա։

«Ես հանել եմ նաեւ այն շինթույլտվությունը, որով կառուցել են այդ հյուրանոցը։ Այս պահին կառուցված է 3 հարկ, այնինչ թույլտվությունը Տարոն Մարգարյանի կողմից տրված է մեկ հարկի կառուցման համար, այսինքն՝ 2 հարկը կառուցվել է ապօրինի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ