Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել «Imagine Armenia» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին և քննարկվելիք հարցերի շրջանակը:
Գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարևորել է հայ-ուկրաինական առևտրային կապերի ամրապնդումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացումը: Սակայն ըստ գործարարի՝ առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք բարդացնում են բիզնես կապերի զարգացումը:
Գործարարներն ընդգծել են նաև հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, մարկետինգային ճկունությունն ու համաշխարհային միտումներին համապատասխանությունը, որոնք թույլ կտան արտերկրում հավուր պատշաճի ներկայացնել հայկական արտադրանքը: Առաջարկ է հնչել նաև ստեղծել հայ-ուկրաինական առևտրային պալատ, որը հնարավորություն կընձեռի դյուրինացնել պետությունների միջև գործարար կամուրջների հաստատումը:
Գործարարների ակումբի մյուս փոխնախագահ Ալեքսանդր Փիլոյանը շեշտադրել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ուկրաինայում Հայաստանի զբոսաշրջային գրավչության ներկայացումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:
Գործարարները խոսել են նաև Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում հնարավոր թռիչքային զարգացումների, IT բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և ներդրումների մասին:
Գլխավոր հանձնակատարը կարևորել է գործարարների նման հետաքրքրվածությունը հայրենիքի հանդեպ, գործարար համայնքի միջև առկա համախմբվածությունը, ինչպես նաև շեշտել խնդիրների և խոչընդոտների վերացման կարևորությունը:
Այնուհետ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը