25 11 2019

Որտե՞ղ են այցելել Արցախ ժամանած ադրբեջանցի լրագրողները

Որտե՞ղ են այցելել Արցախ ժամանած ադրբեջանցի լրագրողները

Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են նաև հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Այս նախաձեռնությունը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արցախյան կողմը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` լրագրողների փոխայցերի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ