«Հարավկովկասյան երկաթուղու» գործադուլ արած աշխատակիցները չեն հեռացվի. Նրանց մոլորեցրել են:
Այս կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Հոկտեմբերի 22-24-ին ՀԿԵ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, ընկերության արհմիության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեցին Գյումրիի դեպոյի և երևանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԵ ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատողները:
2019 թվականի հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ լոկոմոտիվային բրիգադները՝ խախտելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին նորմատիվները, դուրս չեն եկել աշխատանքի, նշվել է, որ աշխատակիցների հանդեպ չեն կիրառվի կարգապահական տույժեր:
Համարելով, որ աշխատողների մեծամասնությունը դիտավորյալ մոլորեցվել է, ընկերությունը չի իրականացնի ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը:
Սակայն կրկնակի խախտման դեպքում ընկերությունը իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատումը:
Ընկերությունը հաստատում է Հարավկովկասյան երկաթուղու բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 10%-ով ս.թ. նոյեմբերի 1-ից:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը