11 11 2019

Նիկոլ Փաշինյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են. «Մեդիա պաշտպան»

Նիկոլ Փաշինյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, yerkir.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և yerevan.today-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 541 հոդված։ Որոնցից 128-ը՝ բացասական, 47-ը՝ դրական, 366-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին կրկին բացասական հոդվածները գերազանցում են։

Ըստ լրատվականների, Լավրովն ասել է, որ Արցախի մասին հայտարարությունը, որոնք վերաբերում են հիմնահարցի լուծման այս կամ այն տարբերակին, որևէ կերպ չեն նպաստում խնդրի լուծմանը։ Ըստ լրատվականի, այդ խոսքերն ավելի շատ ուղղված են եղել Հայաստանին։

Վարչապետին քննադատել են նաև այն լուրից հետո, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի համար նոր ինքնաթիռ են գնելու։ Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ, քաղաքացին եկել էր թղթյա ինքնաթիռով և հայտարարում էր, որ նոր ինքնաթիռ է բերել, որպեսզի վարչապետը նորը չգնի։ Նշվում է, որ համար մեկ բորտը դեռ 5 տարի կարող է սպասարկել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ հայտարարել է, թե վարչապետին սպասարկող ինքնաթիռը չի կարող հատել օվկիանոսը, իսկ օդաչուները չունեն նման կարգի լիցենզավորում։

Լրատվականները հարց են բարձրացրել, թե ո՞ւր է Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ դոլարը, որի մասին վարչապետը պարբերաբար հայտարարել է։ Հրապարակման համաձայն, անցել է 2 տարի, բայց այդ գումարներից լուր չկա։

Վազգեն Մանուկյանն էլ անդրադառնալով Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպմանն ասել է, որ չի կարծում, թե առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության որևէ մեկը կարող էր մտնել Նաիրի Հունանյանի մոտ, խոսեր ու դուրս գար։

Դրական է գնահատվել այն լուրը, ըստ որի՝ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Թրեյսին դրական է գնահատել վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքը և վերահաստատել է Հայաստանի կառավարության առաջնահերթություններին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով մեքենայի գնմանն ու առանձնատան վերանորոգմանն, ասել է. «Եկեք մի բան ֆիքսենք՝ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել։ Դրանք պետական գնումներ են և գնվում են պետության կարիքների համար: Այդ թվում՝ խոսքը Կոնդի առանձնատների վերանորոգման մասին է, դրանք պետության գույք են»։

Yerevan.today-ում հրապարակվել է 157 հոդված բացասական՝ 84 , դրական՝ 5, չեզոք՝ 65։

Կայքում խիստ քննադատության է ենթարկվել կառավարության գործունեությունը։ Հրապարակումներից մեկում ասված է. «Ցավոք, երկարաժամկետում ևս դրանց լուծումները չեն երևում: Իշխանափոխության երրորդ տարին մտնելու ենք հասարակության եկամուտների այնպիսի փոփոխություններով, որոնք դարձյալ թույլ չեն տալու խոսել սոցիալական վիճակի քիչ թե շատ բարելավման մասին: Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձերի բարձրացման մասին, դրանք ոչ այլ ինչ են, քան կաթիլ մեկ բաժակ ջրում»: Նշվում է, նաև, որ այս կամ այն ոլորտում վարչապետի ներկայացրած աճի թվերը ևս չեն համապատասխանում իրականությանը։

Որպես դրական գնահատվել է կայքի այն հրապարակումը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից երեքշաբթի կազմակերպված լսումների ընթացքում «Գերմանական Մարշալ» հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացն ասել է, որ «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու։

Armtimes.com-ում հրապարակվել է132 հոդված բացասական՝ 2 , դրական՝ 17, չեզոք՝ 113։

Որպես բացասական գնահատվել է Վազգեն Մանուկյանի կարծիքը Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի հանդիպման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին: Ծրագիրը շարունակական է լինելու։

ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը։ Հիշեցնենք, դրոշի հետ կապված միջադեպից հետո վարչապետի հրամանով նա ազատվել էր աշխատանքից և օրերս վարչապետը խոսել էր դեպքի մասին ու ասել էր, որ Հայկ Մարտիրոսյանին աշխատանքի վերադառնալու առաջարկ է արվելու։

Yerkir.am-ում հրապարակվել է 102 հոդված բացասական՝ 33, դրական՝ 8, չեզոք՝ 61։

Վերը նշված բոլոր քննադատությունները տեղ են գտել կայքում։ Ըստ կայքի հրապարակումներից մեկի, Խաչիկ Ասրյանը 50 հազար մարդ է հանելու փողոց և իշխանափոխություն է անելու։ Արթուր Ղազինյանն էլ կարծում է, որ այլ վարչապետի պարագայում Զոհրապ Մնացականյանն ավելի լավ հանդես կգար BBC-Ի HARDtalk հարցազրույցում։ Գագիկ Համբարյանը նշել է, որ մի շարք մարդիկ հրաժարական են տալիս կամ դուրս են գալիս աշխատանքից, որովհետև չեն կարողանում դիմանալ իշխանությունների դիլետանտությանը։

Դրական է գնահատվել ԱՄՆ դեսպանի և վարչապետի հանդիպման մասին հրապարակումը։ Էդուարդ Աղաջանյանի բացատրությունը, ՊԵԿ-ի աշխատակցի վերադառնալու մասին լուրը։

Armlur.am-ում հրապարակվել է 87 հոդված բացասական՝ 7, դրական՝ 11, չեզոք՝ 69։

Կայքում տեղ են գտել քննադատություններ ուղղված նախարարների աշխատավարձների բարձրացմանը։ Նշվում էր, որ դրանք գաղտնի են բարձրացվել։ Այդ մասով Էդմոն Մարուքյանը հարց է տվել վարչապետին, թե ինչո՞ւ են աշխատավարձերը գաղտնի բարձրացվել։ Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանի համար մեծ խնդիր է դարձել։

Դրական հոդվածների շարքում են վերը նշված բոլոր դեպքերը։ Դրանց է ավելացել նաև այն, որ Քիմ Քարդաշյանը տարածել է Նիկոլ Փաշինյանի գրառումը։

Azatutyun.am-ում հրապարակվել է 63 հոդված բացասական՝ 2 , դրական՝ 6, չեզոք՝ 55։

Բացասական հոդվածների շարքում Լավրովի հայտարարությունն ու լրատվականի եզրակացությունն է, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի խոսքը։

Դրական է գնահատվել ԱՄՆ դեսպանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Վլադիմիր Կարապետյանի պարզաբանումը աշխատավարձների բարձրացման հետ կապված։ Վիկտոր Մնացականյանի հրաժարականի դիմումը, որտեղ վերջինս շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։

Չնայած, որ մշտադիտարկման արդյունքում լրատվականներում նկատվում են հստակ քաղաքական գծեր, պետք է նշել, որ նախորդ տասնօրյակի համեմատ իրավիճակը փոքր ինչ շտկվել է՝ անաչառության առումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ