ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։ Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և Ա/Ձ Խորեն Հովհաննիսյանը) հայտնաբերվել են թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը։
Իսկ թիվ 82 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալում է Ա/Ձ Սարիկ Անտոնյանը) հայտնաբերվել են ոչ միայն թերի մակնշմամբ և կրեմային հրուշակեղեն, այլև պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթդոգ: Բոլոր այս սննդամթերքների վաճառքը դպրոցի տարածքում արգելվում է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. թիվ 32Ն հրամանի: Այս դպրոցի սննդի կետը գործել է նաև սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով, սառնարաններ չեն եղել:
Բոլոր դպրոցներում տրվել են արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ:
Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը