Հայ մասնագետներին ու գործատուներին միավորող 2do հավելվածն այս անգամ օգտատերերին համախմբել էր իրական տիրույթում
Շատ գործատուներ գիտեն, թե հաճախ որքան դժվար է լինում համապատասխան մասնագետ գտնել կարճ ժամանակում։ Այս կարևոր խնդիրը լուծելու նպատակով էլ ստեղծվել է 2do հավելվածը։ Հարթակը, սակայն, չի սահմանափակվում այս գործառույթով․ շուտով նախատեսվում է ոչ ֆորմալ կրթական պատուհանների ու մասնագիտական քննարկումների գործիքակազմի թողարկում։
Մոտ մեկ ամիս առաջ մեկնարկած հավելվածն այսօր արդեն 1000-ից ավելի օգտատեր ունի։ Օրերս 2do-ն նախաձեռնել էր առաջին իրական հանդիպումը, որին մասնակցում էին հավելվածի օգտատերերն ու գործընկերները։
Հավելվածի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ գործատուները հնարավորություն են ունենում գտնել ցանկալի մասնագետ՝ ցանկալի գնով, իսկ մասնագետները կարող են համատեղել պրոֆեսիոնալ կապերի ընդլայնումը, թեմատիկ քննարկումների հետ։
Համահիմնադիրներից Սամվել Մինասյանն էլ ընդգծեց, որ այստեղ լինելով՝ մասնագետներն իրենց լուման են ներդնում նախագծի առաջխաղացման և զարգացման գործում. «Ձեզ հետ միասին պետք է ստեղծենք պրոդուկտ, որը լինելու է լայն հասարակությանն օգտակար և մոտ ապագայում փորձելու է գրավել նաև արտաքին շուկաներ»։
«Մենք պրակտիկայում տեսել ենք, որ կա խնդիր, և հաճախ ինքներս էլ ինչ-որ ծրագրեր իրականացնելիս չենք կարողանում արագ տարբեր մասնագետներ միանգամից ներգրավել ծրագրում: Այդ պատճառով որոշել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ պարզ ձևով յուրաքանչյուր մասնագետ կարողանում է գրանցվել, նշել իր մասնագիտական ոլորտը, և յուրաքանչյուր գործատու կարող է մասնագետներին ուղարկել առաջարկներ»,- իր խոսքում ասաց համահիմնադիր Տարոն Պարսամյանը
Նրա խոսքերով՝ բազմաթիվ հետաքրքիր մասնագիտություններ կան, որոնց առաջին անգամ են ծանոթացել՝ հավելվածում տեսնելով:
Թվում է, թե հասարակ մասնագիտություն է, օրինակ, զոդողի մասնագիտությունը, բայց Հայաստանում շատ պահանջված մասնագիտություն է, ու բազմաթիվ լուրջ գործարարներ զոդողներ են փնտրում ու չեն կարողանում գտնել, այսինքն՝ միջին մասնագիտական ուղղություններ կան, որ մեծ պահանջարկ ունեն, բայց մասնագետների տեղը շատերը չգիտեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը