16 05 2022

«Կարճ ասած»․ Հանցագործներ, անփորձներ, կոռուպցիոներներ, նախկիններ․ ովքե՞ր են Նիկոլի կադրերը



 

Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին նստացնելուց հետո Նիկոլ Փաշինյանն այնտեղ քաղաքապետի ԺՊ նշանակեց Արկադի Փելեշյանին։ Ո՞վ է նա․  ընտրություններում, ՔՊ-ական սկանդալային մարզպետ Արամ Խաչատրյանի հետ միասին, նա ևս մերժվել էր։ Բայց նա այլ «արժանիքներ» ևս ունի։ Այս մարդը քրեական պատմություններով է հայտնի։ Անգամ խուլիգանության համար դատապարտվել է, խանութում եղած-չեղածն էր ջարդել, հետո էլ Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդին էր ծեծել։ Ու հիմա այդ մարդը Վանաձորի քաղաքապետ է նշանակվում մի իշխանության կողմից, որը իբր պայքարում էր քրեական ենթամշակույթի դեմ։ Սա Նիկոլի կադրային խայտառակության հերթական դրսևորումն է։ Քրեական տարրերը, դատապարտվածները, կոռուպցիոն դեմքերը, ազգուտակը, սորոսականները, լևոնականները Նիկոլի կադրային քաղաքականությամբ ողջ բագաժն են։

Օրերս Քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում նշանակվեց Արտակ Սարգսյանը, ով առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և խոշտանգման վերաբերյալ քրգործով մեղադրյալ է։ Գիտե՞ք ինչի նշանակվեց, որովհետև հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորքուրի տղան է։ Որքա՜ն շատ են քրեական հետագիծ ունեցող մարդիկ այս իշխանության մեջ. մարդիկ կան, որ հենց հիմա վրան քրգործ ունեն․ մամուլը մի հատ քրքրեք, թե ինչ փաստեր են գրում․ «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» մասնաճյուղի տնօրեն է նշանակվում մարդ, որը շուրջ 100 մլն դրամի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր։ Սերժը «Վարդաշեն» ՔԿՀ պետին գործից հանում է դատապարտյալից «սպարտիվկա» վերցնելու պատճառով, Նիկոլը նույն մարդուն նշանակում է «Կոշի» գաղութի պետի ԺՊ։ Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը, որը քրգործով մեղադրյալ է, Նիկոլը հանում-բերում է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։  Սոցապահովության պետական ծառայության պետի տեղակալ է նշանակվում մարդ, որը հետախուզվել է գողության համար։ Գեղարքունիքի փոխմարզպետ է նշանակվում մարդ, որը երակները փրթել էր, որ բանակ չգնա։ Թևոնյան Ռազմիկը նշանակվում է Արարատի մարզպետ, իր մտերիմ ընկերոջ՝ քրեական գործով անցնող որդուն նշանակում է օգնական։ Դատվածություն ունեցողին տանում են ԱԺ աշխատակազմի ղեկավար, մանկավաճառության գործով անցնողին՝ արդարադատության նախարարի խորհրդական, հետո՝ ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար։ Առանձնապես խոշոր գումարի հափշտակության համար դատապարտվածը նշանակվում է «Հայավտոկայանի» տնօրեն։ Ու էս իշխանությունը խոսում է ապօրինությունների՞ց, խոսում է պրոֆեսիոնալ կադրերին տեղ տալո՞ւց, ասում է, թե նախկին թալանչինե՞ր, կամ հնի բարքերը՞։ Նիկոլի կադրերից հլա հերթով անունները վերցրեք ու փնտրեք դատալեքսում։

2018 թվականին Նիկոլ Փշինյանն ասում էր՝ մենք կադրային հեղափոխություն ենք անելու։ Է՛ս ա էս մարդու կադրային հեղափոխությունը։ Նկարիչին պաշտոն են տալիս վերահսկողական ծառայությունում, ստոմատոլոգը նշանակվում է վարչապետի խորհրդական, կերպարվեստի ֆակուլտետն ավարտողին տանում են Բնապապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, հարկայինի նախկին ծառայողին նշանակում են «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն: 

Մարդիկ թերանում են իրենց գործում, տանում ու նոր պաշտոն են տալիս։ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալեց, հիմա ո՞ւր է։ Մենք սարսափեցինք կադրերից, թե ինչպես էին մեր հերոս տղերքի դիերը լցված ցելոֆոնների մեջ և գցված նկուղներում, էդ Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի տնօրեն Վարդան Ավագյանին, դրանից հետո բերեցին-նշանակեցին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ։ Դա նույնն է, որ էն Նիկոլի կորտեժի ջիպի վարորդին, որ հղի կնոջը տվեց սպանեց, էսօր, հենց էսօր նշանակեն Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան։ Սա է էս իշխանության որակը, հեկտարն ու քառակուսին իրարից չտարբերողը մարզպետ է, շուկայի պահակը մարզպետ է, դիպլոմ չունեցողը մարզպետ է, կեղծ դիպլոմ ունեցողը մարզպետ է, մարզպետը աջ ու ձախ ծեծում է։ Սրանց Գյուղապետի թեկնածու է ՔՊ-ն առաջադրում մեկին, հետո պարզվում է՝ հա՛մ 8-րդ դասարանի կրթություն ունի, համ էլ երկու անգամ մնացել է նույն դասարանում։ Ու ասում ենք՝ գյուղը չի զարգանո՞ւմ։ 29 տարեկան տղուն նշանակում են Երևանի թաղապետ Մալաթիա Սեբաստիա համայնքում, պարզվում է՝ բարձրագույն կրթություն էլ չունի ու արդեն 8 տարի սովորում է ագրարային համալսարանում, նույն համալսարանում, որտեղ մարդկանց գլխին սարքում են, կաշառք են խնդրում ու մնում անպատիժ․ ընդհակառակը՝ ումից փող են խնդրել, նրան են բռնում։

Նիկոլի արդարադատության նախարարը 30 տարեկան էր, երեք տեղակալները 28, 31, 32 տարեկան։ Ի՞նչ փորձ, ի՞նչ բան․ դրա համար էլ ողբալդ գալիս է արդարադատության համակարգի վրա։ Ասում էր՝ Կադրային փոփոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք և հնձենք բոլորին։ Գերանդին վերցրին, հնձին, տակից ինչ ծլեց, նշանակին պաշտոնի։

Սա կադրային քաոս չէ, կադրային աղետ է, էս կարգի կառավարումն է մեր պրոբլեմների պատճառը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, սա մի իշխանություն է, որը ՊՆ-ից վտարված կադրին ցուցմունքի դիմաց բերում-սարքում է իրեն խորհրդական, հետո տանում է Գենշտաբ, տանում է նախարար, հետո էլ մի քանի ամիս օգտագործելուց հետո դուրս գցում։ Պատերազմի հենց կեսից անակնկալ պաշտոնից ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը։ Օրերս գրվեց, որ մարդը նշանակվել է ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար: Սա էս մարդու կադրային ռեսուրսն է։ Նիկոլը գնում է հարցաքննության, սելֆի է անում քննիչի հետ, հետո այդ քննիչին նշանակում են  քննչական կոմիտեում բարձր պաշտոնի՝ հատուկ հանձնարարությունների ինչ-որ բաժնի պետ։ Իր հետ կոֆե խմողին էլ՝ հատուկ հանձնարարություններով դեսպան։ Հիմա էդ քննիչը ի՞նչ հատուկ հանձնարարություն պետք է կատարի։

Ասում էին պրոֆեսիոնալիզմ․ 2018 թվականին կալանքից ազատվեց Ռոբերտ Քոչարյանն ու ասուլիս էր որոշել տալ․ հիշում ենք, թե ինչպես սորոսական ու ՔՊ-ական խմբակի պատճառով ինչպես չկայացավ ասուլիսը։ Հետո գիտե՞ք ինչ եղավ․ դահլիճ մտածների լուսանկար հրապարակվեց, հետո Նիկոլն առավ էդ լուսանկարը ու մեջի մարդկանց հերթով պաշտոնի տվեց․ մեկին՝ Աջափնյակի փոխթաղապետ, հետո դիմում գրեց-դուրս եկավ զավեշտալի ձևով, մյուսը, որ մեղադրյալ էր, նշանակվեց Ավանի փոխթաղապետ, հետո թմրանյութերի պատճառով դուրս եկավ գործից, մեկը գնաց կենտրոնի թաղապետարան, էն մեկելը ԱԺ-ում օգնական, ՔՊ-ական ավագանի, ջրպետկոմ, Շեմգավիթի թաղապետ։ Էս ա սրանց մակարդակը։ Պրոֆեսիոնալներիս տեսեք։ Բենզալցակայանի աշխատողին տանում-դնում են Դիլիջանի քաղաքապետ, ասում են՝ կենսագրականի մեջ գրում է արու եմ։

Կադրային բանկ էին ստեղծել, հազարավոր ռեզյումեներ էին ստանում և ի՞նչ, ո՞ր մեկին նորմալ գործի տեղավորեցին։ Ոնց կլիներ, բա իրենց քայլած կիսագրագետնե՞րը ուր գնային։ Սովորական մեկին նշանակում են պաշտոնի, նույն օրը գնդապետի կոչում տալիս ու մեկ օր անց նշանակում ԱԱԾ տնօրեն։ Դա կոչվում է աղետ։ Լրագրողներն ասում են՝ քեզ էդքան փող ո՞րտեղից, ասում է՝ դա իմ անձնական գործն ա։ Ու նա պետք ա հսկի, որ մյուսները ապօրինի չհարստանա՞ն։

Քանդում-քանդում էիք, գոնե մի քանի ոլորտ կա՝ ՊՆ, ԱԱԾ, ԱԳՆ համակարգ, որ պետք է դիլետանտները չմտնեին, որ էս պատկերը չունենայինք։ Ասում են՝ որ դու փորձ չունես ո՞նց դարձար դեսպան, ասում է՝ փորձը կարևոր չէ։ Բա ի՞նչն ա կարևոր, որ անգլերեն գիտե՞ս։ Սոցապնախարարը պատմաբան է, Առողջապահության նախարարը իրավաբան է, էկոնոմիկայի նախարարը մարդ է, որ բիզնեսներ է տարել սննկացման, պաշտպանության նախարարը պատմության դասատու է, գեղարքունիքի մարզպետը մարզական լրագրող է, խոպանչի, Փաշինյանի ուսապարկը բռնողը մաքսատան պետ է, 44 օրվա սուտասանը՝ պաշտպանության հանձնաժողովում փորձագետ։ Մարդկանց գեներալի կոչում է տալիս, հետո հանում պաշտոնից՝ շատ վատ կերպով, Ազգային հերոսի կոչում է տալիս ու հանում գործից։ Կարծես չեն հասկանում նաև ուսադիրների ու կոչումների արժեքը։

Նիկոլն ասում էր՝ կան նորեր, հներ և նորացված հներ։ Նայում ես՝ հներից համարյա բան չի մնացել, բոլորը նորերն են, իսկ նորացված հներն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենավատ կադրերն են՝ Գագիկ Ջհանգիրյան, Քոչարյան Անդրանիկ, Վիգեն Խաչատրյան, Վլադիմիր Կարապետյան և այլն։

Կարճ ասած՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ Հայաստանի էս վիճակի մեղավորը ևս կադրերն են։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պրոֆեսիոնալիզմով առաջնորդվեց, այլ՝ կուսակցական պատկանելությամբ և քաղաքական հավատարմությամբ․ դրա համար էլ կարևոր պաշտոնի նշանակեց ոչ թե մասնագետ լինել-չլինելու հանգամանքով, այլ՝ սև է, թե սպիտակ, ավելի լավ է լինի 30 տարեկան, անփորձ, կիսագրագետ, քրեական անցյալ ունեցող մեկը, բայց իրենց կարծիքով՝ սպիտակ, ՔՊ-ական, քան՝ պրոֆեսիոնալ, բայց սև։ Իսկ այդ ոչ պրոֆեսիոնալներից էլ ոչ թե աշխատանքի արդյունք է սպասվում, այլ՝ քաղաքական հավատարմություն։ Դրա համար էլ երկրի համար կարևոր պահերին նրանք զբաղված են ստատուսներ գրելով։

Այս պատճառով որակյալ կադրերը հեռանում են լավագույն դեպքում համակարգից, վատագույն դեպքում՝ նաև երկրից։ Դրա համար էլ ասում ենք՝ քանդվում է երկիրը։ Ձեր կարծիքով մենակ պատերազմի՞ց է քանդվում։ Ոչ, նաև այսպիսի բաներից։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ