23 10 2019

2do-ի օգտատերերի 1-ին գործարար հանդիպումը․ տեսանյութ և լուսանկարներ․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «Տեղի ունեցավ 2do հավելվածի օգտատերերի առաջին գործարար հանդիպումը: Մոտ մեկ ամիս առաջ մեկնարկած 2do հավելվածն արդեն համախմբում է հազարից ավելի հայ մասնագետների և գործատուների: 2do-ի միջոցով հեշտությամբ կարելի է գտնել բազմաթիվ մասնագետների ու մի քանի գործողությամբ գործնական առաջարկ ներկայացնել:

2do հավելվածն իրենից ներկայացնում է մասնագետների և գործատուների միջև կապը ստեղծող հարթակ, որը մեկ հարթակի ներքո է համախմբում գրեթե բոլոր ոլորտի մասնագետներին և գործատուներին` հնարավորություն տալով ստեղծել նոր գործարար կապեր: Այս մասին 2do հավելվածի օգտատերերի առաջին գործարար հանդիպմանը լրագրողների հետ զրույցում ասաց 2do հավելվածի փրոջեքթ-մենեջեր, տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ հավելվածն ունի կենտրոնացվածություն ոչ ֆորմալ կրթական հարթակի ստեղծման և մասնագիտական քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ: «Այսինքն` մեր հարթակում ոչ միայն մասնագետներն ու գործատուներն են հանդիպում իրար, այլ նաև մենք ենք խթանում մասնագիտական քննարկումները»,-ասաց նա:

Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ սրանով իրենք լուծում են մի քանի խնդիրներ. մասնագետների համար` ինչպես վաստակել գումար, ներգրավել հաճախորդներ` առանց գործարքներից հավելյալ վճարների և տոկոսների, իսկ գործատուներին օգնում են գտնել լավագույն գին-որակ համադրություն:

«Մենք չենք գանձում գումարներ, այլ ապահովում ենք հարթակ մասնագետի և գործատու համար, որ մասնագետը գտնի գործատուին: Ակնկալիքները շատ մեծ են, հայկական շուկայում մեկ ամսվա ընթացքում գրանցել ենք որոշակի հաջողություններ, ունենք հազարից ավելի գրանցված մասնագետներ և գործատուներ, օրական 310 ակտիվ օգտատերեր և մեկ ամսվա ընթացքում մոտավորապես 540 ուղարկված և ստացված նախագծեր մասնագետների և գործատուների միջև: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն հայկական շուկայով, նպատակ ունենք ընդլայնվել ռուսական շուկայում և այդպես շարունակ»,-ասաց նա:

Հավելվածի համահիմնադիր Տարոն Պարսամյանը նշեց, որ 2 do-ն առաջին ծիծեռնակն է, բայց կարծում է, որ ցանկացած բիզնեսում կարևոր է հիմնադիրների պատկերացրած ուղղությունը: «Ես կարծում եմ, որ թվային պրոդուկտների արտահանումը մեր ապագան է: Մենք հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում թվային պրոդուկտների ուղղությունը բռնելը մեր ապագան է, այս պրոդուկտը ստեղծելու ճանապարհին ձեռք բերած փորձը, գործընկերների ամեն մեկնաբանություն, դիտարկում իրոք կարևոր է»,-ասաց նա:

Պարսամյանը նշեց նաև, որ իրենք պարզապես մշակել են մենեջմենթի նոր մոդել և թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում նմանատիպ օրինակներ եղել են։ Նա հավելեց, որ ամենից շատ գրանցվել են ծրագրավորողներ, երկրորդ տեղում դիզայներներն են, և կան բազմաթիվ հետաքրքրիր մասնագիտություններ, որոնց հետ առաջին անգամ են ծանոթացել, օրինակ` հեծանիվների վերանորոգման մասնագետ:

Համահիմնադիրներից Սամվել Մինասյանը դիմելով մասնակիցներին, հյուրերին՝ ասաց, որ վերջիններս այստեղ լինելով՝ իրենց ներդրումն են ունենում նախագծի առաջխաղացման և զարգացման մեջ: «Ձեզ հետ միասին պետք է սարքենք պրոդուկտ, որը լինելու է օգտակար լայն հասարակությանը և մոտ ապագայում գրավելու է աշխարհը»,-ասաց նա:

Մինասյանը նշեց, որ իրենց գերխնդիրն է՝ ստեղծել հարթակ, որը ամբողջովին կբացահայտի մասնագետների ներուժը և այն բազմակողմանիորեն կօգտագործի: «Կարծում ենք, որ սա լավ հնարավորություն է թե՛ մասնագետների, թե՛ գործատուների, թե՛ շահառուների համար»,-ասաց նա:

Հյուրերից Արշակ Գրիգորյանը, ով հանդիսանում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի նախագահը, նշեց, որ սա պրոֆեսիոնալ սոցիալական հարթակ է, իսկ շուկան այսօր պրոֆեսիոնալ մասնագետների կարիք ունի: «Մեր գործունեության ընթացքում բախվում ենք մի քանի խնդիրների` գիտելիք, շուկաների պակաս և փմձ-ների զարգացման համար որակյալ մասնագետների պակաս։ Այս հարթակը կարող է հանդիսանալ այդ պակասը լրացնող»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ