Պարենի համաշխարհային օր
Հոկտեմբերի 16-ին նշվում է Պարենի համաշխարհային օրը: World Food Day-ը նշվում է 1979 թվականից, առաջարկվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի ժամանակ:
Օրվա տարեթիվ է ընտրվել ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ստեղծման օրը՝ 1945թ. հոկտեմբերի 16-ը: Առաջին անգամ աշխարհի երկրները պաշտոնապես հռչակեցին իրենց կարևորագույն խնդիրներից մեկը՝ մոլորակի վրա սովի հաղթահարումը և գյուղատնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, որն ի վիճակի կլիներ կերակրել մոլորակի բնակչությանը: Այս օրը ավանդաբար կազմակեպվում են բարեգործական ակցիաներ, որոնց արդյունքում տարբեր խաղաղարար կազմակերպություններ օգնություն են տրամադրում տարերային աղետներից տուժած շրջաններին:
Հայ մամուլի օր
ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:
«Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:
Ղեկավարի օր
Հոկտեմբերի 16-ին բազմաթիվ երկրներում նշվում է Ղեկավարի օրը: Օրվա հիմնադիրը համարվում է «Պետական Ֆարմ» ընկերության քարտուղար Պատրիսիա Հարոսկին: 1958 թ-ին նա առաջարկում է տոն հիմնել՝ նվիրված սիրելի ղեկավարին: 1962 թվականին այդ տոնը պաշտոնապես հաստատվեց ամերիկյան Իլինոյսի նահանգապետ Օտտո Քարների կողմից: Սկզբում այս տոնի գաղափարը այն էր, որ ամբողջ անձնակազմը շնորհավորում է ղեկավարներին և շնորհակալություն հայտնում նրանց՝ մաղթելով, որ տարվա ընթացքում հոգատար, բարի, արդար և ազնիվ լինեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը