08 10 2019

Արցախի բարեկամների համաժողով կանցկացվի

Արցախի բարեկամների համաժողով կանցկացվի

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։ Այս մասին հայտնում է Արցախի բարեկամների համաժողովը։

Համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր՝ շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։

Համաժողովին ուղերձով հանդես կգա Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։

Ելույթներ կունենան ԱՀ Ազգային ժողովի նախագահը, Պետական նախարարը, Արտաքին գործերի, Կրթության, գիտության և սպորտի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Հայ Դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակների ներկայացուցիչները։

Համաժողովի քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ.

ա) «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը».

բ) «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։

Համաժողովը կընդունի հռչակագիր։Համաժողովի համակազմակերպիչներն են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ