ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ժամանակին կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Պատգամավորի կարծիքով՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ հարցը տարաձայնության առիթ դարձավ հոկտեմբերի երկուսի նիստում։ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման հետ կապված օրենքի նախագիծի հետ կապված երկու հակադիր կարծիք կա։ Հոկտեմբերի 2-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմքայլական Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց. «ԱԺ-ն ասում է չկա անհրաժեշտություն, Դուք ասում եք՝ կա, ինչո՞ւ»:
Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից առողջապահության փոխնախարարին արված դիտողությանը։ ԱԺ նախագահը նշել էր, որ առաջարկում է քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը