Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք:
ԱԱԾ-ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ) մեկի տարածքում տեղադրված կրիպտոարժույթ թողարկող սարքավորումներով («ֆերմա») զբաղվել է «մայնինգով»՝ կրիպտոարժույթի ստացմամբ և թողարկմամբ: Նշված գործունեության արդյունքում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա՝ շուրջ 73 մլն ՀՀ դրամ արժեքով:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հաշվարկվում է պետությանը եւ ՀԷՑ-ին պատճառված վնասի չափը, միջոցներ են ձեռնարկվում ապօրինի գործունեությունն իրականացրած անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը