2019թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 328 հոդված, որոնցից 88-ը եղել է բացասական, 22-ը՝ դրական, 218-ը՝ չեզոք։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին շարունակում են հետապնդել քաղաքային խնդիրները։ Հնչում են բազմաթիվ հարցեր, հասարակությունը պահանջում է հստակ պատասխաններ։ Սոցիալական ցանցերում դժգոհում են այն հանգամանքից, որ քաղաքապետը և իշխանություններն անընդհատ կրկնում են, որ երկար տարիների քանդածը մեկ օրում չի վերականգնվում։
Լրատվական հրապարակումներում կարելի է հանդիպել հետևյալ մտքին. «Ընդհանրապես շատ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում իշխանական համակարգում: Մեզ անընդհատ, կարծես թե, ասեն. «Դե ի՞նչ եք ուզում, նախկինները էնքան վատն էին, որ դրանց ձախողումները չեն թողնում, որ մենք աշխատենք»: Բայց, հարգելինե՛րս, խնդիրը նրանում է, որ երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել հենց այն պատճառով, որ բոլորս էլ գիտակցում էինք, որ երկրում իրավիճակը վատ է: Այսինքն, մեզ պետք չէ դրա մասին անընդհատ հիշեցնել»:
Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Սանիտեկի» մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Սոնա Աղեկյանը նշել է, որ ցանկացել է մասնակցել ավագանու նիստին, սակայն իրեն չեն թողել ներս մտնել, նա հավելել է, որ Հայկ Մարությանը նաև վախենում է։ «Սանիտեկի» աշխատակիցներից մեկը բողոքի ակցիայի ժամանակ ասել է. «Ընտրեցինք իրեն, որ մեզ հացից զրկի՞»։
Նշվում է, որ Հայկ Մարությանը և իր թիմը ընտրվել են բացառապես Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա բարձր վարկանիշի շնորհիվ։ Ըստ հրապարակման. «Հայկ Մարությանն, ըստ էության, ոչ թե քաղաքապետ է, այլ՝ Նիկոլ Փաշինյանի փոխանորդն այդ պաշտոնում ու միանգամայն տրամաբանական է, որ եթե հասարակությունը դժգոհ է քաղաքային աղբահանության, տրանսպորտի աշխատանքներից, հայացքը պետք է ուղղի Փաշինյանի կողմը, որն ուսերի վրա իշխանության է բերել Հայկ Մարությանին ու մյուսներին»։
Լրատվականներում լուր է տարածվել, թե Հայկ Մարությանը հրաժարական կտա։ Այս ամենը քաղաքապետի կողմից հերքվել է, բայց խոսակցությունները գնալով ավելի ու ավելի հաստատակամ են դառնում։ Ավագանու անդամներն իրենց հերթին պնդում են, որ աղբահանության հարցը մինչև սեպտեմբերի վերջ լուծվելու է։ Վարչապետը նույնպես անդրադարձել է խնդիրներին և նշել է, որ Հայկ Մարությանն ու իր թիմը լավ են աշխատում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը