10 09 2019

«Հաղթանակած» նախաձեռնության «Անկախության մարաթոնը»՝ կադրերով

«Հաղթանակած» նախաձեռնության «Անկախության մարաթոնը»՝ կադրերով

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը, կարևորելով հայկական երկու պետությունների անկախությունը և դրանց հիմք դարձած հաղթանակները, սեպտեմբերի 1-ի երեկոյան մեկնարկել է «Անկախության մարաթոն»՝ միավորելով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակները։

 

Մարաթոնի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում` Եղբայրական գերեզմանատանը մոմավառության արարողությամբ, որից հետո Մարաթոնի մասնակիցները անցնելու են Արցախի և Հայաստանի 30 քաղաքներով՝ որպես միասնության և համատեղ փառահեղ հաղթանակի ուղի։

 

Այն անցնելու է հետևյալ քաղաքներով՝ Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, Շուշի, Բերձոր, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տաթև, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Գավառ, Հրազդան, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Սարդարապատ, Էջմիածին, Երևան։

 

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Մարաթոնի մասնակիցները և բոլոր նրանք, ովքեր կմիանան, կիրականացնեն երթ՝ դեպի Եռաբլուր փառքի պանթեոն` միասին դիմավորելու ՀՀ անկախության նախօրյակը:

 

Բոլոր քաղաքներում «Անկախության մարաթոնի» մասնակիցները հանդիպումներ են ունենալու տեղի ազատամարտիկների հետ, ներկայացնելու են նախաձեռնությունն ու կազմակերպելու են հանդիպումներ յուրաքանչյուր քաղաքի երիտասարդների հետ` տարածելով «Հաղթանակած» նախաձեռնության գաղափարը:

 

«Հաղթանակած» երիտասարդական շարժման նպատակն է Հայաստանի և Արցախի երիտասարդության համախմբումը՝ հաղթանակի գաղափարի շուրջ։ Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի և Արցախի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժեվորելու, Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիքը ճանաչելու՝ հայտնի ու անհայտ կողմերով, հայկական երկու պետությունների և աշխարհասփյուռ հայության երիտասարդներին միավորելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումով։

«Հաղթանակած» նախաձեռնությունը արդեն հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ, հանդիպումներ քաղաքացիական համայնքների, ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի հետ, որն իր հայրապետական օրհնությունն է բերել նախաձեռնությանը, իրականացրել է երիտասարդական ֆորում, «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաք և այլն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ