Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։
Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։
«Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է և վնաս է կրում քաղաքապետարանը»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։
Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ Այստեղ մեկ այլ խնդիր են ապօրինի շինաղբավայրերը։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ շարունակում է հսկողությունը այդ տարածքներում՝ շինաղբով բեռնված մեքենաների վարորդներին զգուշացնելով և ուղորդելով Նուբարաշեն։ Կոչերն անտեսելով՝ վերջերս վարորդներից մեկն, այնուամենայնիվ, ընտրել էր մոտակայքում գտնվող ապօրինի աղբավայրի ճանապարհը։ Հետևանքը՝ մեքենան ընկել էր աղբի ձորակը։
Նշեցինք, որ քաղաքային աղբարկղերն ու աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, սակայն օրեր առաջ Դավթաշենի աղբարկղերից մեկում հայտնաբերվեցին բժշկական պարագաներ, այդ թվում օգտագործված ներարկիչներ։ Վտանգավոր թափոնը հարևանությամբ գործող բժշկական կենտրոնինն էր։«Խոսեցինք տնօրինության հետ, իրենք ընդունեցին սխալը և նշեցին, որ անփութության հետևանք է եղել: Բացի այդ, մենք ստուգեցինք նրանց պայմանագիրը համապատասխան ընկերության հետ»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:
«Թափոնների մասին» օրենքն ասում է, որ բժշկական և վտանգավոր այլ թափոնները վտանգում են մարդու առողջությունը և միջավայրը։ Դրանք պետք է պահվեն հատուկ առանձնացված հատվածներում և այրման եղանակով ոչնչացվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։
«Գրություն է ուղարկվել առողջապահական տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ իրականացվի և բժշկական կենտրոնը տուգանվի (100-150 հազար ՀՀ դրամ)»,-նշել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Այժմ ստուգումներ են Երևանի բոլոր բուժհաստատություններում։ Ստուգվում է թափոնների կառավարման պայմանագրերի առկայությունը։ Քաղաքացիներից ստացված ահազանգի հետքերով մեր նկարահանող խումբը եղավ բժշկական ծառայություններ մատուցող մի քանի կենտրոններում։ Թեև որևէ տեղ գրված չէ, թե ինչպես է պետք օգտվել քաղաքային աղբամաններից, սակայն կարևոր է իմանալ, որ կենցաղային աղբը թափելուց հետո աղբամանների կափարիչները պետք է փակվեն։
Պետք է հստակ գիտակցել՝ աղբահանության համար ձեռք բերված գույքը քաղաքի բոլոր բնակիչների սեփականությունն է, և որքան խնամքով մենք այն գործածենք, այնքան երկար կծառայի ան մեզ՝ նվազեցնելով մեր իսկ գրպանից արվող ծախսերը: Իսկ առաջիկայում քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը:
«Մասնավորը փորձնական 25 աղբաման կտեղադրի Երևանում տեսակավորված աղբի, պլաստիկի համար: Հորդորում ենք առանձնացնել նաև ստվարաթուղթը, որն առանձին կազմակերպություն կգա և կտանի»,-ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը: Մինչ ոլորտի ամբողջական բարեփոխումը՝ քաղաքապետարանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, համալրվող տեխնիկայով ու նոր աղբամաններով կշարունակի զբաղվել քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, Դավթաշենում քաղաքացիները փոփոխությունն արդեն զգում են: Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը