16 08 2019

Կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակ

Կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած «Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը, որը լայն տարածում ստանալով` հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանելու Հայաստանը օտարեկրյա զբոսաշրջիկների շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

Օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։

Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

Վերջին կանգառը ՀՀ կառավարության մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացավ ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվեց հայկական գինիների համտես: Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրեց հատուկ փաթեթներ` Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով: Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գրությամբ, որը օրվա յուրահատուկ հուշ կդառնա զբոսաշրջիկների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ