Դեռևս իրականացվում է հետաքննություն, բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանի մարտական դիրքը լքելուն:
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների ձևակերպումներին, թե դասալքության պատճառը զորամասում անմարդկային վերաբերմունքն է, նա ասաց, որ հակառակորդի տեղեկատվական աշխատանքի «արդյունքն» է դա, և չի կարծում, որ անհրաժեշտ է տարածել այս տեղեկությունը: «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ համապատասխան միջազգային կառույցներին դիմել են, որ աշխատանքներ տանեն նրան վերադարձնելու ուղղությամբ: «Ես դեռևս չեմ կարող ասել, որ նա հոգեբանորեն էլ է մոլորվել, բայց աշխատանքի արդյունքում տեղեկություն կտանք: Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու, նաև կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին, որ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնեն»,-ասաց նախարարը:
Այնուհետև Տոնոյանն անդրադառնալով Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի բուժմանը նշեց, որ եթե այն կարելի է Հայաստանում կազմակերպել, ապա պետք է կազմակերպվի Հայաստանում.
«Գոյություն ունի կարգ, Կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց՝ եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին հնարավորությունը տրվում է բուժումն իրականացնել արտերկրում։ Եթե հանձնաժողովը, որը գլխավորում է Առողջապահության նախարարը, այդ որոշումը չի կայացնում, բնական է, որ պետք է բուժումն առանց սուբյեկտիվ մոտեցումների իրանականացվի Հայաստանում։ Կարող է բոլորն ասեն՝ ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ բուժում ստանալու, բայց այդպես չի կարելի, եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպեն Հայաստանում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում են համապատասխան կառույցները»,-նշեց նա։
Հարցին՝ սահմանագծին արդյոք լարվածություն կա՞, Տոնոյանն ասաց. «Այդ պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը