ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին:
Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխպատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին: Նախարարի առաջին կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակում էր, որից հետո նախարարը եղել է Տիգրան Մեծ փողոցում և Շառլ Ազնավուրի հրապարակում:
Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը զրուցել է շինարարների հետ աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների, ինչպես նաև առաջացած խնդիրների մասին:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սուրեն Պապիկյանը կարևորել է շինաշխատանքների որակով և ժամանակին իրականացումը: «ՀՀ կառավարությունն այս և եկող տարի մեծ միջոցներ է ուղղել ճանապարհաշինական աշխատանքների համար, մնում է մեր շինարարական կազմակերպությունները լինեն բարեխիղճ, աշխատանքներն իրականացնեն որակով և ըստ ժամանակացույցի: Եթե որևէ շինարար կորոշի պետական միջոցները փոշիացնել, ապա մենք նրան բարեկամաբար խորհուրդ կտանք նման բան չանել, նման մոլորություն չունենալ, քանի որ այդ դեպքում նրանք չեն վճարվի»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը