22 07 2019

Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորները բռնություն են գործադրել ՊԵԿ աշխատակցի նկատմամբ

Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորները բռնություն են գործադրել ՊԵԿ աշխատակցի նկատմամբ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ներկայում Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորների կողմից ՀՀ ներմուծված ապրանքները գտնվում են մաքսային պահեստում, որտեղ դրանց նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն:

«Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին, հատկապես` Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորներին պահպանել ԵՏՄ մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև խստագույնս պահպանել էթիկայի կանոնները և դրսևորել քաղաքակիրթ վարքագիծ, քանի որ վերջիններս առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում իրենց դրսևորած ագրեսիվ պահվածքով: Մաքսային հսկողության արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ