19 07 2019

Շահագործման է հանձնվել Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանը

Շահագործման է հանձնվել Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանը

ԵՄ աջակցությամբ հուլիսի 19-ին շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում։

Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պետական և համայնքային կառույցների այլ պաշտոնատար անձիք, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

«Այսօր Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկմամբ՝ ուրախ ենք նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվությանը և Շիրակի մարզի տնտեսական աճին: ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը՝ Լոռու եւ Տավուշի մարզերի հետ միասին: Ուրախ կլինենք առաջիկա տարիներին Ամասիայում տեսնել կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծաղկումը», - հայտնել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ամասիայի և հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչև 25 տոննա արտադրական ծավալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ