Բարձրության վրա եւ բարձրահարկ շենքերի պատշգամբների վրա ամրացված օդորակիչների (կոնդիցիոներների) վերանորոգման եւ տեղադրման աշխատանքները պետք է կատարել միայն անվտանգության գոտիներով կամ վերհանների միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում իրազեկում է հրապարակել ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:
Իրազեկման մեջ նաեւ ասվում է.
« Տեսչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու եւ մշտապես վերահսկելու է աշխատողների համար առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայրի առկայությունը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն պետք է ապահովի հետեւյալ պայմանները.
1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները աշխատանքները կարողանան կատարել անվտանգ:
2. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը եւ շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար եւ առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Աշխատանքում թույլատրել օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
4.Գործատուն աշխատողներին պետք է ապահովի կոլեկտիվ եւ կամ անհատական պաշտպանության միջոցներով:
Տեսչական մարմինը հորդորում է գործատուներին խստիվ պահպանել անվտանգության կանոնները եւ բարձրության վրա աշխատանքներ կատարելիս աշխատողներին տրամադրել անվտանգության գոտիներ կամ տվյալ աշխատանքները կատարել բացառապես վերհանների միջոցով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը