16 07 2019

Նարեկ Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացրածը նախկինում կալանավորված է եղել

Նարեկ Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացրածը նախկինում կալանավորված է եղել

News.am-ը գրում է․ «Օրերս մամուլում հրապարումներ եղան, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ծեծի է ենթարկել  ոմն Վահե Պառազյանի՝ պահանջելով ընկերությունից յուրացված 10 միլիոն եվրոն փոխանցել Արցախի աջակցման հիմնադրամին:

Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը որևէ նման միջադեպի՝ ասելով, որ իրեն ուղղված մեղադրանքները բանսարկություն են: Այսօր էլ Հատուկ քննչական ծառայությունից հայտարարեցին, որ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել, նրանցից չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Պառազյանների և Կարապետյանների հակասությունը տարիների պատմություն ունի: Բանն այն է, որ Վահե Պառազյանի հայրը՝ Աշոտ Պառազյանը, 2016թ.-ին  աշխատել է «Տաշիր» ընկերությունում, որտեղից սկանդալային աղմուկով հեռացվել է՝ «Տաշիրի» կապալառուների հետ կոռուպցիոն սխեմայի մշակմամբ՝ խոշոր գումարի յուրացման համար։

Ըստ տեղեկությունների, Նարեկ Կարապետյանի  և Վահե Պառազյանի վերջին հանդիպումը կայացել է «Սիզընս» ռեսորանում՝ Պառազյանի նախաձեռնությամբ: Ականատեսների վկայությամբ,  Պառազյանը փորձել է հաշտություն եզրեր գտնել Կարապետյանի հետ և նոր բիզնես առաջարկ է արել նրան, սակայն մերժում ստանալուց հետո փորձել է հարվածել Նարեկ Կարապետյանին, որին միջամտել են անվտանգության աշխատակիցները: Վահե Պառազյանը հայտարարել է, որ միջադեպի փաստն օգտագործելու է  Կարապետյաններից վրեժ լուծելու համար:

Ուշագրավ է, որ սա Վահե Պառազյանի մասնակցությամբ միակ քրեական պատմությունը չէ: Նա կալանավորված է եղել ռուսաստանաբնակ գործարար Մարգարյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ առևանգելու և դրամաշորթության  համար:

Առևանգված գործարարի փաստաբան Օլեգ Կորեննոյը «Русарминфо»-ի հայտնել է, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ-ի հունիսի 29-ին երեք անձ Վահե Պառազյանի նախաձեռնությամբ առևանգել են Մարգարյանին, ծեծի ենթարկել ու տարել Մոսկվա:

Փաստաբանի խոսքով՝ Մոսկվայում Մարգարյանին հանձնել են Պառազյանին, ով իր մարդկանց հետ (ենթադրաբար՝ հայեր և չեչեններ) ֆիզիկական ուժի գործադրմամբ և սպառնալիքով հաշվեհարդար է տեսել. նրան նստեցրել են ավտոմեքենա և հասցրել են մայրաքաղաքի արդյունաբերական տարածք, որտեղ նրան երեք ժամ շարունակ ծեծի են ենթարկել ու պահանջել խոշոր գումար։ 

«Նվաստացումն ու բռնությունը շարունակվել է բնակարանում, ուր տուժողին տեղափոխել են առևանգողները։ Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննության արդյունքում սահմանվել են վնասվածքներ  դեմքի շրջանում հեմատոմայի տեսքով, վերին ծնոտի ձախակողմյան հատվածի արտաքին և ներքին պատերի փակ կոտրվածքներ, աջ հատվածում երկու կողոսկրի փակ կոտրվածք և այլ վնասվածքներ։ Մարգարյանի առևանգման առնչությամբ քրեական գործ է հարուցվել միայն դեպքից մեկ տարի անց՝ 2016թ-ի նոյեմբերին, ՌԴ ՔՕ համապատասխան հոդվածներով՝ «Մարդու խմբակային առևանգում՝ բռնության գործադրմամբ հանցավոր նպատակներով» և «Խաբեություն խոշոր ունեցվածքի հափշտակման նպատակով»,-ասել է փաստաբանը: 

Առևանգման նախապատմությունից հայտնի է, որ Մարգարյանն աշխատել է Վահե Պառազյանի հոր՝ Աշոտ Պառազյանի հետ ու Կալուգայում նրա հետ ղեկավարել է մի քանի կազմակերպություններ։ Որոշ ժամանակ անց գործընկերների միջև կոնֆլիկտ է առաջացել։ Այդպիսով, գործնական հարաբերությունները նախկինում մտերիմ գործարարների միջև ավարտվել են։

Ներկա պահին քրեական գործով անցնող Վահե Պառազյանը վերջերս կրկին հայտնվել է հանցավոր պատմության կենտրոնում, բայց այս անգամ, փաստաբան Օլեգ Կորեննոյի կարծիքով, օգտագործել է իր բանտային փորձը և փորձել է ներկայացնել իրեն զոհի կարգավիճակում՝ դիմելով հայկական ԶԼՄ-ների օգնությանը, որոնք տեղյակ չեն Ռուսաստանում Պառազյանի դեմ հարուցված քրեական գործին ու դրա մանրամասներին։

Մարգարյանի փաստաբանը կարծում է, թե զոհի կերպարը Պառազյանի պատկերացումներում գործող միջոց է Ռուսաստանում իր դեմ հարուցված առևանգման ու դրամաշորթության հոդվածով քրեական գործը ստվերելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ