Արմեն Հակոբյանը գրում է․
«Պետության ղեկավարները «մոռացել» են ցավակցել...
Բաներ կան, որ մեջբերելի բառերով դժվար է արտահայտել, նույնիսկ բառապաշարից չնեղվողների համար: Հույզերը չեն թողնում: Բայց փորձեմ:
Հուլիսի 10-ին, 76 տարեկանում մահկանացուն կնքեց Արցախյան ազատամարտի, առանց որևէ չափազանցության՝ լեգենդար զորահրամանատարներից մեկը՝ գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը: Մեծ և անուրանալի է պրոֆեսիոնալ զինվորական, 88-ին անմիջապես իր ժողովրդի պայքարին միացած ու իր ռազմական գիտելիքներով մեծ ծառայություններ մատուցած Ֆելիքս Գզողյանի ներդրումն ու նվիրումը՝ Արցախի ազատամարտին, Հայրենիքի պաշտպանության գործում ու փայլուն հաղթանակներում՝ Շուշիի ազատագրումից մինչև Օմար:
Ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներն էլ չի, որ գիտեն: Իսկ երիտասարդները ինտերնետի տեղն էլ գիտեն, դրանից օգտվելու ձևերն էլ, թող «պոիսկ» տան կամ «սըրչ» անեն, կիմանան:
Մեղքս ի՞նչ թաքցնեմ, մի տեսակ հավատալս չի գալիս, բայց գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան տխուր առիթով այս օրերին Հայաստանի Հանրապետության, պետական բարձրաստիճան այրերից ոչ մեկի ցավակցական խոսքը աչքով չընկավ, լրահոսում ոչ մի նման տեղեկության չհանդիպեցի:
Մտածեցի, գուցե ես եմ անուշադիր եղել, գուցե չեմ լսել, չնայած՝ ողջ օրը լրահոսի մեջ եմ, ըստ էության: Մտա բարձրաստիճանների կայքերը, սկսեցի փորփրել դրանց լրահոսերը: ՈՉ ՄԻ ԽՈՍՔ: Ո՛չ նախագահ Արմեն Սարգսյանի կայքում ու ցավակցությունների բաժնում, ո՛չ Ազգային ժողովի կայքում, ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ կառավարության կայքում: Այնպիսի տպավորություն է, որ նրանք միահամուռ «մոռացել» են ցավակցել:
Չեմ մեկնաբանի, ոչ թե որ մեկնաբանելու համար բառեր չեմ գտնում, այլ դա այնքան ցցուն ու գեշ դրսևորում է, որ առանց հավելյալ մեկնաբանության էլ՝ բնութագրում է «մոռացողներին»: Ի՞նչ ասեմ՝ ամո՛թ: Երևի պետք է գոհ լինենք, որ զինվորական պատիվներով «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորվեց գեներալ Ֆելիքս Գզողյանը: Շարունակեցի որոնել համացանցում:
Հանդիպեցի միայն այն տեղեկություններին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն է ցավակցական հեռագիր հղել Ֆելիքս Գզողյանի ընտանիքին: Մյուս նման տեղեկությունը Ֆելիքս Գզողյանի ընտանիքին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած ցավակցության մասին էր՝ գեներալի ավանդի հակիրճ բնութագրմամբ ու գնահատականով :
Կարելի է չկասկածել, որ ՀՀ 2-րդ նախագահ, ազատամարտի ժամանակ Արցախի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը նույնպես ցավակցություն կհայտներ, եթե բանտարկված չլիներ ու այդ իսկ պատճառով՝ տեղեկություններ ստանալու և տարածելու խիստ սահմանափակված հնարավորությամբ:
Զարմացրեց նաև լրահոսում պաշտպանության նախարարության լռությունը: Նախարարն, ինչքան տեղյակ եմ, գեներալի հոգեհանգստյան կարգին գոնե ներկա է եղել: Բայց մեկ է, հաշվի առնելով Ֆելիքս Գզողյանի ներդրումն ու դերը, ՊՆ-ն կարող էր և հայտարարությամբ հանդես գալ: Ի՞նչ ասեմ: Բան չեմ ասում: Իսկ Ֆելիքս Գզողյանի հիշատակին խոնարհում ու հարգանք, խորին ցավակցությունս՝ զորահրամանատարի մերձավորներին ու հարազատներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը