«Հրապարակ»-ը գրում է․ «Մի կողմից՝ հասարակությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից եւ կարծում է, որ նոր իշխանությունների աքիլեսյան գարշապարը կադրերն են։ Մյուս կողմից՝ եղած քիչ թե շատ նորմալ կադրերը կամաց հեռանում են, եւ նրանց փոխարեն նորերը չեն հայտնվում։ Արդեն քանի ամիս է՝ կառավարության ղեկավարը չի նշանակում ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ՝ հաստատելով այն լուրերը, որ ժամանակավոր պաշտոնակատարների համար «փորձաշրջան» է սահմանված։
Եվ հայտնի չէ, թե այդ ինչ «փորձություններով» պետք է նրանք անցնեն՝ բաղձալի նշանակմանն արժանանալու համար։ Թափուր են բազմաթիվ այլ պաշտոններ՝ փոխնախարարների, վարչապետի խոսնակի, ԲԴԽ, Հակակոռուպցիոն հանձնաժողովի, ՍԴ, Հաշվեքննիչ պալատի անդամների եւ այլն։ Իսկ Ամանորից հետո մի շարք պաշտոնանկություններ եղան, որոնց պատճառները հայտնի չեն։ Եթե դրանք պայմանավորված են աշխատանքային ձախողումներով, եւ կարելի է, ասենք, ձյան տեղալու, ինչ-որ օբյեկտում ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին գրել, մի անասնաբույժի ներկայացնել, ապա ինչո՞ւ հնարավոր չէ հասարակությանը տեղեկացնել, թե որն է այս կամ այն պաշտոնյայի ազատման պատճառը։
Բայց այս շիլաշփոթում, որտեղ ո՛չ կառավարության գործողություններն են կանոնակարգված ու հասկանալի, ո՛չ խորհրդարանինն ու մյուս համակարգերինը, իշխանությունից որեւէ կոնկրետություն պահանջելը, իհարկե, անիմաստ զբաղմունք է։ Եթե մի ողջ երկրի օրակարգը, հետաքրքրություններն ու երազանքները հանգեցվել են մի կառույցի ղեկավարից ազատվելու գերնպատակին, ապա պետք չէ ակնկալել, որ որեւէ փոխնախարարի ընդունել-ազատելու հարցում կապահովվի հրապարակայնություն, եւ հասարակությունը կտեղեկացվի, թե իրեն ծառայող, իր վճարած հարկերից վարձատրվող մարդիկ, ի վերջո, ինչու են ազատվում աշխատանքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը