Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս պետական այցով Վիետնամում էր: Բազմաթիվ հանդիպումների, ելութների և ձեռքսեղմումների ֆոնին մի ուշագրավ պատկերի հանդիպեցինք ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվում էր դրոշի ֆոնին, որը բոլորովին հայկականը չէր․ այն բաղկացած էր կարմիր, կապույտ և դեղին գույներից։ Փաշինյանը և նրա արարողակարգի ներկայացուցիչները տեղյա՞կ են, որ մեր դրոշը դեղին գույն չունի։ Ըստ Սահմանադրության և դրոշի մասին օրենքի՝ ՀՀ դրոշի գույներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։
Պատկերն առավել ուշագրավ է դառնում, երբ նայում ենք վարչապետի՝ եռագույն փողկապը, որը երբեմն կրում է․ այն ևս նարնջագույնի փոխարեն դեղինով է պատված։
Պետության նկատմամբ սա ոչ այլ ինչ է, քան անարգանք։ Ու դա ցուցաբերում է նույն վարչապետը, որը դրոշը չհարգելու համար մաքսատան աշխատողի էր գործից հանում՝ մինչ այդ նվաստացնելով:
Վիետնամում այս խայտառակ պատկերը վարչապետի փնթի արարողակարգի մասին է խոսում։ Ընդ որում, այդպես էր մի քանի հանդիպումներում։ Վիետնամի վարչապետի հետ հանդիպումից հետո Փաշինյանին ընդունեց նաև Վիետնամի Ազգային ժողովի նախագահը: Ու կրկին՝ կարմիր, կապույտ և դեղին գույներով դրոշ։
Ստացվում է, որ Հայաստանի վարչապետի համար կարևորը երկրից դուրս գալն է, թեկուզ դա լինի որևէ այլ երկրի դրոշի ներքո։
Հարց է, թե ինչու է երկրի ղեկավարը ներսում դրոշասեր ձևանում, եթե իր համար բոլորովին միևնույն է:
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը