Հուլիսի 5-օին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ գրադարանի և ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին որպես հավաքական կերպար իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջյունելով հյուրերին՝ նշեց, որ այսօր նշանակալից օր է, քանի որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100-ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչումով:
«Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց»,- ասաց ռեկտորը՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարներին, որոնց դրամահավաքի արդյունքում իրականություն է դարձել այս ազգանվեր գործը:
Մուրադյանի խոսքով՝ նռնակով իրեն եւ ադրբեջանցի զինվորներին պայթեցրած պատանու հերոսական արարքն իսկական հայրենասիրության օրինակ է: «Նա դարձել է մեր բոլոր տղաների հավաքական կերպարը, որոնք զոհվել են հայրենիքի անկախության համար»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ այդ մասնաշենքում հետագայում եւս կբացվեն հերոսների անունները կրող լսարաններ:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ սփյուռքի գործոնը շատ կարևոր է հայրենիքի պաշտպանության գործում:
«Այսօր հպարտություն են զգում՝ կանգնելով այստեղ բուժվող զինծառայողների կողքին»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի և ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերը ծառայում են ի նպաստ պետության:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պատվիրակությունների ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ, հյուրեր, այդ թվում՝ մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը: Որոշում է կայացվել հաջորդ լսարանն անվանակոչել Արմենակ Ուրֆանյանի անունով: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը նախատեսում է համալրել նորաբաց գրադարանը գրքերով:
Ինչպես նշեց Արմեն Մուրադյանը, գրադարանի առաջին 50 գիրքը նվիրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը