Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել: Այս մասին հայտնել է Zona Positive ֆեյսբուքյան էջը:
«Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:
Նկարներից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռչած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար, սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,-ասված է գրառման մեջ:
ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել է խնդրին՝ գրելով.
«Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել:
Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը