«Արդեն մեկ տարի է անցել ինչ խարխլվեց Արամի 23-ի հիմքերը, վեց ամիս առաջ փլուզվեց տանիքը։ Առ այսօր որևէ բան չի արվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
Նա նշեց, որ այսօր ունեն երկու խնդիր, առաջինը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի վիճակն է՝ անորոշությունը է։ Տիգրան Հեքեքյանն ասաց, որ թեև կնքվել է պայմանագիր, խոսվել է այն մասին, որ պետք է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի համար վարձակալվի համապատասխան տարածք, «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն պետք է վարձը վճարի մինչև կառուցվի Արամի 23 շենքը։
«Մեզ տրվել է ժամանակավոր մի տեղ գրասենյակ, որ հետո պետք է գնայինք հիմնական տեղը, բայց առ այսօր մենք անորոշության մեջ ենք, «Ի Էմ Սի»-ին մեզ հետ չի ուզում կնքել պայմանագիր հետևյալ կետով, որ պետք է ֆինանսավորեն մեր վարձակալության համար այնքան ժամանակ, մինչև Արամի 23-ը կվերականգվի։ Ամեն ամիս են վճարում վարձը, սեփականատերն այդպես համաձայն չէ, որոշակի ժամանակվա համար է վարձ ուզում»։
Հեքեքյանը նկատեց, որ ստացվում է, որ իրենք ասում են վիճակը վտանգավոր է, իսկ իրենց պատասխանում են, որ այո, համաձայն ենք, որ վտանգավոր է, բայց ոչինչ չեն անում այդ ուղղությամբ:
«Եթե այսպիսի մարդկանց ձեռքում է մեր երկիրը, մենք ուրեմն խնդիր ունենք, մենք պատերազմող երկիր ենք: Եվ սա ցավ է, որովհետև ժողովուրդն ինչ ոգևորվածությամբ ընտրեց ղեկավարներ, և սպասում են, որ ղեկավարները շփվեն իրենց ժողովրդի հետ: Նիկոլ Փաշինյանը վերջերս իր մի հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում այլևս չկան անտեր մարդիկ, այսինքն՝ այդ «տերովին տերն է տարել, անտերին գելն է կերել» ասացվածքն արդեն պիտի իր տեղը գտնի բանահյուսության թանգարանում: Ես ուզում եմ մեր սիրելի վարչապետին ասել, որ սպասի, դեռ չուղարկի թանգարան, որովհետև, օրինակ, «Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց անտեր են զգում»,-ասաց Հեքեքյանը:
Նա հավելեց, որ ուզում է հանդիպել վարչապետի հետ, բացատրել իրավիճակը և պետք է պատժվեն մեղավորները:
Տիգրան Հեքեքյանը տեղեկացրեց նաև, որ դատարանում ստիպված են վիճարկել նաև Արամի 23-ին առնչվող կառավարության այն որոշումը, որով այն գերակա շահ է ճանաչվել: Թե ինչու է այդ տարածքը կառավարությունը գերակա շահ ճանաչել, Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ այն կարող են հատկացնել «Հին Երևան» նախագծի տարածքի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սերմաքեշին, սակայն նշեց. «Գերակա շահ ճանաչելու հիմքի բոլոր կետերը խոսում են միայն մեր կողմից, այլ ոչ թե Սերմաքեշի բիզնես նախագծի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը