Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Սպանդարյան գյուղի բնակիչները՝ պահանջելով արդար դատաքննություն:
«Մինչև վարչապետը չիջնի, չենք գնալու էստեղից, իբր ասում են բան է փոխվել, բայց ոչ մի բան էլ չի փոխվել: Անմեղ մարդկանց տանում լցնում են բանտերը»,- բողոքում են հավաքվածները:
Ինչպես պատմում է 3 տարի դատապարտված մայոր Միհրան Ոսկանյանի կինը՝ ամուսնու դեմ ցուցմունք է տվել նրա զինվորներից մեկը, ով պնդել է, թե Միհրան Ոսկանյանը ծեծել է իրեն, որի պատճառով փայծաղը պայթել է, սակայն դատաբժշկական փորձաքննության նշած ժամանակահատվածը չի համապատասխանում դեպքի ժամանակահատվածին:
Ըստ նրա, երբ Միհրան Ոսկանյանը զինվորին հարցրել է, թե ինչու է այդպես արել և ինչու է հենց իր անունը տվել, նա պատասխանել է, թե Ռազմական ոստիկանությունից են իրեն այդպես ուղղորդել:
Ըստ հարազատների պատմածի, Միհրան Ոսկանյանն այդ զինվորի հետ երբևէ ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել, զարմացած են այդ ցուցմունքից:
Պաշտպան Հակոբ Ճարոյանը նշեց, որ դատավճիռը տրվել է մեկ անձի՝ տուժողի ցուցմունքի հիման վրա: Ընդ որում՝ դեպքի ժամանակ նույն սենյակում գտնվող վկաները հերքել են, որ մայորը ծեծել է զինվորին:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը