01 07 2019

ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր. հայտարարություն

ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն  ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր. հայտարարություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ԶԼՄ-ների  մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.  «Հայաստանի ժուռնալիստների միության մտահոգությունները ՀՀ Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացրած մի շարք օրենքներում, այդ թվում՝ ԶԼՄ-ների  մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին։ Ըստ նախարարության՝ նպատակն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է:

1) Նախ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագիծը մինչ e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելը նախապես չի քննարկվել շահագրգիռ անձանց (ԶԼՄ-ների և լրագրողական համայնքի) հետ։ Խորապես համոզված ենք, որ զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող ցանկացած նախագիծ նախ և առաջ պետք է քննարկվի և համաձայնեցվի ԶԼՄ-ների և լրագրողների հետ։

2) Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկվող (թղթային) ԶԼՄ-ներին և որևէ կերպ չի կարգավորում այն ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես օնլայն տիրույթում (օրինակ՝ օնլայն լրատվական կայքեր)։

3) Կարծում ենք, որ ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր։ Այս կապակցությամբ մի շարք ԶԼՄ-ներ դեռևս 2016թ. հայտարարություն են տարածել առ այն, որ թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ները ներկայումս գտնվում են անհավասար մրցակցային վիճակում՝ համեմատած օնլայն ԶԼՄ-ների հետ, որոնց մի մասը գործում է անվերահսկելի դաշտում, չունի իրավական կարգավիճակ և զբաղվում է գրագողությամբ։ Ուստի ժամանակն է, որ կարգավորվի օնլայն լրատվամիջոցների դաշտը։ Ամբողջական հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով ։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ քննարկվող նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև ևս մեկ անգամ անհավասարության նշան է դնում թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ների և օնլայն ԶԼՄ-ների միջև։

4) Կարծում ենք, որ ԶԼՄ-ների հաշվառման համակարգը պետք է լինի ավելի ճկուն, քան նախագծով առաջարկվող համակարգն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ