Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) միացել է Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարություններին:
Լրագրողներիի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Թիմ Դոուսոնն ասել է. «Սոցիալական ցանցերում ոտնձգությունները լրջորեն ազդում են լրագրողների հոգեկան առողջության և իրենց աշխատունակության վրա: Հայաստանի կառավարության նախարարները պետք է դատապարտեն այս հարձակումները և աշխատանքներ տանեն որպեսզի լրագրողներն ազատություն ձեռք բերեն իրենց աշխատանքը կատարելու համար»:
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ), միանալով Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտել էր Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Ղարաբաղում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը:
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին: Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախ են դարձել որոշ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը:
Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված կանխամտածված հարձակումը: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև մեղադրել է վարչապետին՝ ատելության այդ առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ: Միությունը հարցը փոխանցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին:
«Լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում,- ասել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-«Նրանք իսկապես վտանգի տակ են»:
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներ են»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը